Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստը կայացավ ընդլայնված կազմով եւ հագեցած օրակարգով

Armenpress 19:16, 31 Մայիս, 2019

ԳԱՎԱՌ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի պետթատրոնի դահլիճում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական  նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նիստն անցավ ընդլայնված կազմով եւ հագեցած աշխատանքային օրակարգով: Նիստի աշխատանքներին մասնակցեցին  նաեւ հանրակրթական դպրոցների տնօրենները եւ զինղեկները, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչները, «Սեւան Ազգային պարկ»-ի եւ «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենները: Նիստի օրակարգում քննության առնվեցին մի շարք հարցեր՝ կապված ամառային զորակոչի, հանրակրթական դպրոցներում ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի իրազեկման, մանկապատանեկան ամառային ճամբարների կազմակերպման, մարզպետարանի կողմից  համայնքապետարաններում  իրականացված իրավական եւ մասնագիտական  հսկողության, գարնանացանի ընթացքի, ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների, աղբահանության, տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, Սեւանի ափամերձ անտառների՝ ջրածածկման ենթակա տարածքների մաքրման, «Սեւան ազգային պարկի» տարածքում անասունների արածեցման  դեպքերի կանխման, անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումների հետ:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լավագույն աշխատանքի համար ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից տրված շնորհակալագիրը հանձնեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանին, ով եւ պարգեւը ստանալուց հետո հանդես եկավ օրակարգային առաջին հարցի զեկուցմամբ, որը վերաբերում էր ՀՀ ՊՆ կողմից իրականացվող «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի իրազեկման հետ կապված խնդիրներին: Բանախոսը նշեց , որ  այս ծրագրերի շրջանակներում  նախորդ տարվա համեմատ այս տարի նկատվել է դրական տեղաշարժ, սակայն իրազեկման աշխատանքների արդյունավետ կազմակերպման դեպքում արդյունքները կարող են շատ ավելի գոհացուցիչ լինել: Այդ ծրագրերի  մանրամասները եւ առավելությունները ներկայացրեց Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ Վարդան Մամիկոնյանը՝ հորդորելով բացատրական բավարար աշխատանք տանել աշակերտների եւ ծնողների շրջանում, հասնել նրան, որ զորակոչային տարիքի հասած տղաները ժամանակին եւ ճիշտ կողմնորոշվեն: «Այս երկու կարեւոր ծրագրերով պետությունը փորձում է երկու հիմնական խնդիր լուծել՝ բանակի համալրումը եւ դրան զուգահեռ՝ երիտասարդ տարիքի տղաների համար աշխատանքային ու կենսական պահանջների բավարարումը: Զորակոչվող սպաները կամ շարքայինները ծառայության ժամանակահատվածի մի մասն անցկացնում են տանը, իսկ ծառայության ավարտից հետո ստանում են գումար՝ բնակարան ձեռք բերելու կամ ձեռնարկչատիրությամբ զբաղվելու համար: Կարծում եմ, որ համայնքապետարանների,  դպրոցների զինղեկների եւ մարզային զինկոմիսարիատի համագործակցված աշխատանքի դեպքում  մենք կհասնենք ավելի ցանկալի արդյունքների: Միաժամանակ հանձնարարում եմ զինղեկներին՝ սեղմ ժամկետներում կազմել եւ մարզպետարան ուղարկել ուսումնական այն գույքերի ցանկը, որոնց կարիքը զգացվում է ձեզ մոտ, որպեսզի հավուր պատշաճի կարողանաք ռազմական գիտելիքներ տալ դպրոցականներին»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Մարզպետը նաեւ հորդորեց համայնքների ղեկավարներին՝ ամառային հանգստի ճամբարներ ուղարկել միայն այն երեխաներին, ովքեր սոցիալապես անապահով կամ զոհված ու վիրավոր ազատամարտիկների, զինծառայողների, հաշմանդամություն  ունեցող անձանց ընտանիքներից են: «Պետական աջակցությամբ եւ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության  ծրագրով այս ամռանը մանկապատանեկան ճամբարներում իրենց հանգիստը կանցկացնեն մեր մարզի ավելի քան 870 երեխաներ, որոնց ընտրությունը պետք է կատարեք միայն եւ միայն օրենքի պահանջներին համապատասխան»,-մարզխորհրդի անդամներին դիմեց մարզպետը:

Օրակարգային երկրորդ հարցի՝ մարզի ութ համայքներում իրականացված իրավական եւ մասնագիտական հսկողության  արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը: Նա նշեց, որ  2019 թվականի  ընթացքում, ըստ ժամանակացույցի, ուսումնասիրություններ կատարվել են մարզի  8 համայնքներում: Կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնց հիման վրա  առաջարկվել է համայնքների ղեկավարներին՝ սահմանված ժամկետներում շտկել թերությունները եւ ձեռնարկել միջոցներ՝ հետագայում նմանատիպ բացթողումներ եւ թերություններ չկրկնելու համար:

«Գրեթե բոլոր ուսումնասիրված համայնքներում հայտնաբերված խախտումները եւ բացթողումները բովանդակային առումով նույնն են: Այսպես, հողաշինարարության եւ հողօգտագործման բնագավառում աճուրդների եւ մրցույթների հայտարարությունները տրվում են թերություններով, մասնավորապես ճիշտ չեն նշվում հայտերի ընդունման ժամկետները, ենթակառուցվածքների մասին տեղեկությունները, կառուցապատվող հողամասերի դեպքում՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքները: Դեռեւս չվարձակալված գյուղ նշանակության հողատարածքների համար մրցույթներ չեն հայտարարվում կամ հայտարարվում են ուշացմամբ, վարձավճարներ գանձվում են պայմանագրով սահմանված ժամկետների ուշացումներով, կան համայնքներ, որտեղ առկա են խոշոր ապառքներ, սակայն պայմանագրերը չեն վերանայվում: Վարձակալության պայմանագրերը չեն ներկայացվում պետական գրանցման:  Համայնքների մեծ մասում արոտավայրերը օգտագործվում են առանց վարձավճարների գանձման եւ պայմանագրեր չեն կնքվում: Քաղաքաշինության ոլորտում  շատ համայնքներում չեն կազմվել համայնքի գլխավոր հատակագծերը եւ գոտեւորման նախագծերը:  Ֆինանսական ոլորտում  համայնքներում դեռեւս չի ներդրվել հանրային հատվածի հաշվապահական հաշվառումը , չի  կատարվել հիմնական եւ շրջանառու միջոցների վերագնահատում:  Ծախսերը կատարվել  են ոչ համապատասխան հոդվածներով:  Համայնքներում «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին պատկանող գյուղտեխնիկան շահագործվում է ոչ լիարժեք կերպով:  Շատ համայնքներում չկան կազմված հակաանասնահամաճարակային տեղական հանձնաժողովներ, որի վերաբերյալ բազմիցս զգուշացվել է»,-զեկուցեց Վանիկ Հարությունյանը:

Անդրադառնալով առաջ քաշված խնդիրներին ու բացթողումներին՝ մարզպետն առաջարկեց  համայնքների ղեկավարներին՝ ամենասեղմ ժամկետներում վերացնել բոլոր բացթողումները եւ չկրկնել նույն կարգի խախտումները: «Այս ուսումնասիրություններն արվում են ոչ թե հատուկ ձեզ համար պատիժներ սահմանելու, այլ հայտնաբերված սխալները չկրկնելու նպատակով: Աշխատեք սխալներ թույլ չտալ, գործել միայն օրենքի դաշտում: Կրկին հորդորում եմ բոլորիդ՝ ձերբազատվել իրենց մասնագիտությանն ու աշխատանքին չտիրապետող կադրերից, այլապես այդ սխալները մեզ կշարունակեն ուղեկցել»-հավելեց մարզպետը:

Օրակարգային երրորդ՝ մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության  պետ Համբարձում Համբարձումյանը: Նա նշեց, որ     2019 թվականին  ՀՀ  Գեղարքունիքի  մարզում գյուղատնտեսական   մշակաբույսերի ցանքային  տարածությունները  այսօրվա  դրությամբ,  ըստ համայնքներից  ներկայացված տեղեկանքների,  կազմում են 47 հազար 12 հեկտար, որից 22 հազար 64 հեկտարը կազմում են հացահատիկի, 9156 հեկտարը՝ կերային մշակաբույսերի, 5260 հեկտարը՝ կարտոֆիլի, 414 հեկտարը՝ կերային, 18,5 հեկտարը՝ տեխնիկական մշակաբույսերի ցանքերը : Գարնանացանի  աշխատանքները  դեռևս  շարունակվում են: Վարելահողերի  օգտագործումը    կազմել է       45.2  տոկոս:

«Մարզում  2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա է      102501    գլուխ խոշոր,   93037 գլուխ մանր եղջերավոր անասուններ,   16665   գլուխ խոզ, 42108   մեղվաընտանիք: «Համայնքների  գյուղատնտեսական  ռեսուրսների  կառավարման եւ մրցունակության  ծրագրի¦   շրջանակներում  այս տարի  նախատեսված է  597 միլիոն դրամի շինարարական  աշխատանքներ,  տեխնիկայի ձեռքբերման  համար էլ կհատկացվի 500  մլն դրամ՝   70  միավոր տեխնիկա ձեռք բերելու նպատակով: «Ֆինանսական  վարձակալության  լիզիգի պետական աջակցության»   ծրագրով  2019 թվականի  հունվարից  առ այսօր 15 լիզինգառուներ  ձեռք են բերել 19 միավոր գյուղտեխնիկա,  որից 14-ը՝  տրակտոր: 2018 թվականին տրված    ոռոգման  ջրի  դիմաց  մարզի    համայնքները  «Գեղարքունիք»  ՋՕԸ –ին  պարտք են մնացել  9 միլիոն 911 հազար 900 դրամ, գանձման աշխատանքները  ընթացքի մեջ են:  ՋՕԸ  -ի  կողմից սկսվել է  ջրօգտագործողների հետ  պայմանագրերի  կնքման աշխատանքները: Արդեն պայմանագրեր են կնքվել  175 շահառուների հետ, աշխատանքները  ընթացքի  մեջ են: Նշեմ նաև, որ 2019 թվականի  ոռոգման աշխատանքները  անխափան  կազմակերպելու համար  ՋՕԸ-Ի կողմից  իրականացվում են  ներտնտեսային  ցանցերի մաքրման, նորոգման, պոմպակայանների վերանորոգման և այլ նախապատրաստական  աշխատանքներ: Հուսանք, որ  ոռոգման սեզոնին  պոմպակայանները, խորքային հորերն ու ջրատարները պատրաստ կլինեն ժամանակին և անխափան ջրամատակարարմանը»,-ներկայացրեց Համբարձում Համբարձումյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am