1000х90.jpg (78 KB)

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Armenpress 17:53, 31 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի օժանդակությամբ արդարադատության համակարգում իրականացվող թիրախային և արդյունավետ ծրագրերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում պետական հատվածի արդիականացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումներին միտված համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը։

Մասնավորապես քննարկվել են ՀԲ-ի աջակցությամբ մեկնարկած՝ ԵՄ Արևելյան գործընկերության մաս կազմող, ինչպես նաև բալկանյան 12 երկրներում՝  արդարադատության մատչելիության, անկախության, արդյունավետության մակարդակի բարձրացմանը, դատաիրավական համակարգի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը միտված ծրագրի իրականացման մեխանիզմներին, գործիքակազմին, դատախազների ներգրավվածությանը վերաբերող հարցեր։

ՀԲ ներկայացուցիչներն արժևորել են դատաիրավական համակարգի առկա խնդիրների  ախտորոշման և դրա արդյունքների հիման վրա հետագա բարեփոխումների ուղղվածությունը որոշակիացնելու, համակարգի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից կարևորվող այդ ծրագրին լիարժեք մասնակցություն ցուցաբերելու դատախազության շահագրգռությունը։

Նրանք նաև հետաքրքրվել են ազդարարման համակարգի ներդրման գործընթացով, ինչի կապակցությամբ տեղեկացվել է, որ արդեն գործարկվել է ազդարարման էլեկտրոնային հարթակը, որն այդ համակարգի արդյունավետությունն ապահովող հիմնական գործիքն է և որի կիրառման հարցում ՀՀ դատախազությունն ունի առանցքային դերակատարում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am