1000х90.jpg (78 KB)

Հակոբ Արշակյանն այցելել է Բերքլիի համալսարան

Armenpress 15:02, 31 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ այցելել են Բերքլիի համալսարան։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, համալսարանի հովանու ներքո գործող «Sky Deck Accelerator» ծրագրի գրասենյակում  նախարար Հակոբ Արշակյանին ներկայացվել է «Sky Deck Accelerator»-ի գործունեությունն ու նպատակը։

Նշվել է, որ ծրագիրը գործարկվել է 2012 թվականին, ֆինանսավորվում  է մի շարք խոշոր ներդրումային հիմնադրամներից, տարեկան բյուջեն կազմում է մոտ 25 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի նպատակն է օժանդակել ստարտափներին նախնական փուլում՝ 3 ամսվա կտրվածքով տրամադրելով 50,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Ստեղծման օրվանից մինչ օրս ծրագրի շրջանակներում օժանդակություն է ցուցաբերել զգալի թվով հայկական ստարտափների։ Ներկայում ևս մի քանի հայկական ստարտափներ դիմել են ֆինանսավորում ստանալու համար։

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է նաև Բերքլիի համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Էնալի Սաքսանյանը։
Նախարարին և տեխնոլոգիական ոլորտի հայ մասնագետներին ներկայացվել է ֆակուլտետի ստեղծման պատմությունը, այստեղ իրականացվող կրթական քաղաքականությունն ու ծրագրերը։
Հակոբ Արշակյանն իր հերթին խոսել է անցած տարի մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հաղթանակի, ՀՀ կառավարության կողմից բարձր տեխնոլոգիաները որպես առաջնահերթություն հռչակած քաղաքականության, այդ ուղղությամբ իրականացվող գործունեության ու ծրագրերի մասին։
Նախարարն անդրադարձել է նաև Բերքլիի համալսարանի հետ համագործակցության հնարավորություններին, ընդգծել աշխարհահռչակ նման հաստատության հետ կրթական ծրագրեր իրականացնելու կարևորությունը։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am