Վանաձոր-Դիլիջան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներից առաջ առկա ասֆալտբետոնե ծածկը փոխարինվելու է ամբողջովին նոր ծածկով

Armenpress 11:00, 26 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանում է  տարածել Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կատարվող անցանելիության ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին նախարարության լրատվական ծառայությունից, պարզաբանման մեջ նշված է.  «Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կատարվող անցանելիության ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ վերջին օրերին տարածվում են տարբեր հրապարակումներ և մեկնաբանություններ, որոնց վերաբերյալ պարզաբանում ենք:

Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում, հետևաբար այն ընթացիկ պահպանության ծրագրում ներառված չէ: Այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն: Հաշվի առնելով, որ հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում էր մեկնարկել հունիսի կեսին, շինարարին առաջարկվել է որպես ժամանակավոր լուծում իրականացնել անցանելիության ապահովման աշխատանքներ՝ մինչև հիմնանորոգման մեկնարկը: Հանրապետությունում վերջին օրերին տեղացող անձրևների պայմաններում շինարարը համապատասխան տեխնիկայի միջոցով կատարում է փոսերի տեղային չորացում: Հիմնանորոգման աշխատանքներից առաջ առկա ասֆալտբետոնե ծածկը փոխարինվելու է ամբողջովին նոր ծածկով: Տարածաշրջանը սպասարկող ընկերությունն աշխատանքները իրականացնում է իր միջոցների հաշվին»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am