Արցախի ԱԳ փոխնախարար Ալեքսանյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել Կալիֆորնիայում 

Armenpress 21:03, 24 Մայիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը մայիսի 13-19-ն ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի hամալսարանի Հայագիտության ինստիտուտի կողմից կազմակերպված «Նորարար Հայաստան» (Innovate Armenia) փառատոնին մասնակցելու հրավերով գտնվում էր Կալիֆորնիայում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, միջոցառմանը ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարել Արցախի անկախ պետականաշինության գործընթացին, միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության բնագավառում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև արտաքին քաղաքական մարտահրավերներին։

Միջոցառման շրջանակներում կայացել է  նաև հանդիպում Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Կրեկորյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Լոս Անջելես-Շուշի քույր քաղաքների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Հայ ուսանողական միության անդամների, «Ասպարեզ» օրաթերթի անձնակազմի, Ամերիկայի Հայ իրավաբանների միության ներկայացուցիչների, ինչպես նաև Լոս-Անջելեսի Երիտասարդ քրիստոնյաների ընկերակցության (YMCA) ղեկավար կազմի հետ։ Քննարկվել են Արցախ-սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Արցախի քաղաքացիական հասարակության միջազգային համագործակցության զարգացման հեռանկարները։

Այցի շրջանակներում Արմինե Ալեքսանյանն այցելել է Կալիֆորնիայի մայրաքաղաք Սակրամենտո։ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում կայացել են հանդիպումներ նահանգային ժողովի խոսնակ Էնթոնի Ռենդոնի, նահանգային ժողովի անդամ Ադրին Նազարյանի և Կալիֆորնիայի Արտակարգ իրավիճակների, Կլիմայի փոփոխության, Գյուղատնտեսության և սննդի կոմիտեների ներկայացուցիչների հետ։ ԱԳՆ տեղակալ Արմինե Ալեքսանյանը նաև առանձին հանդիպում է ունեցել Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Կալիֆորնիայի և Արցախի միջև հարաբերությունների ներկա իրավիճակին և կարևորել տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն մի շարք համատեղ նոր ծրագրերի իրականացման շուրջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am