Երևանում նոր աղբավայրի նախագծման և կառուցման մրցույթին ներկայացվել է մրցութային 7 փաթեթ

Armenpress 20:04, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Երևանում «Նոր աղբավայրի նախագծում և կառուցում, առկա հին աղբավայրերի փակում և առկա ու նոր աղբավայրերի շահագործում» մրցույթի փաթեթները բացվել են մայիսի 24-ին: Նախքան փաթեթների բացումը հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հույս է հայտնել, որ մրցույթի վերջնարդյունքում կընտրվի լավագույն ընկերությունը և Երևանը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 50 ընկերություն: Սահմանված ժամկետում ներկայացվել է մրցութային 7 փաթեթ, այդ թվում՝ 3 այլընտրանքային առաջարկներով: Մրցույթի այս՝ առաջին փուլում կիրականացվի որակական և տեխնիկական գնահատում, որը կարող է տևել 6 ամսից մինչև 1 տարի: Մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ, որտեղ կներկայացնեն գնային առաջարկներ, և ամենացածր գին առաջարկած մասնակիցն էլ կճանաչվի հաղթող:

Ընտրված կազմակերպությունը նախատեսված շինարարական աշխատանքների ավարտից հետո կստանձնի նաև նոր աղբավայրի շահագործումը` 5 տարի ժամկետով:

Կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր: Նույն չափորոշիչներին համապատասխան կփակվեն Նուբարաշենում և Աջափնյակում  գործող աղբավայրերի տարածքները: Այս ամենը ներառում է հիմքերի մեկուսացում,  հոսքաջրերի դրենաժային համակարգեր և համապատասխան տարողությունների կառուցում:  Նոր աղբավայրն առանձնացված է լինելու ցանկապատով,  զինված է լինելու աղբի կշեռքով և անվադողերի լվացման համակարգով, աղբի տոփանման և հարթեցման համար անհրաժեշտ համապատասխան մեքենասարքավորումներով: Կկառուցվեն նաև աղբավայրի պատշաճ մուտք, սպասարկման վարչական շենք, թափոնների,  հոսքաջրերի ու վերգետնյա ջրերի վերլուծության լաբորատորիա և այլ ենթակառուցվածքներ:

Նախատեսվում է նաև ապահովել գազի մշտական արտադրություն և գազի այրման եղանակով ստանալ  այլընտրանքային էներգիա:

Ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ),  Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), վարկային,  Եվրոպական Միությունից՝ Հարևանության ներդրումային գործիքի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմադրամի դրամաշնորհային միջոցներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am