Ժամը 17:00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 116 տրանսպորտային միջոց

Armenpress 17:49, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը մայիսի 24-ին, ժամը 17:00-ի դրությամբ Հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 116 տրանսպորտային միջոց, որոնցից 46-ը մայրաքաղաքում, իսկ 70-ը մարզերում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, 71 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ որևէ պատահար չի արձանագրվել:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունը մայիսի 24-ին ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:«Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքը: Ոստիկանությունը հետևողական է»,- ասված է ՀՀ ոստիկանութփյան տարածած հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am