ԱԻՆ-ը քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ է անցկացրել վիճակագրական կոմիտեում և ՊՎԾ-ում

Armenpress 17:34, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական երկու գերատեսչություններում` վիճակագրական կոմիտեում և պետական վերահսկողության ծառայությունում (ՊՎԾ) մայիսի 23-24-ը անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 23-ին վիճակագրական կոմիտե աշխատակիցների մասնակցությամբ անցկացվեց ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը թեմայով  շտաբային ուսումնավարժություն: 

Ուսումնավարժության շրջանակներում մանրակրկիտ դիտարկվել են  տնտեսության, ժողովրդագրության, բնակչության զբաղվածության, սեռատարիքային կազմի, արտագաղթի, ներգաղթի, ինչպես նաև ՀՀ տարբեր ոլորտներին առնչվող վիճակագրական տվյալների հիմնական ցուցանիշների հարաբերակցության վերաբերյալ հարցեր:

 Պետական վերահսկողության ծառայությունում մայիսի 24-ին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների խումբն անցկացրեց «Օդային տագնապ» ազդանշանի և պատսպարման միջոցառումների կազմակերպման դեպքում» թեմայով  հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Համաձայն սցենարի՝ հակառակորդի կողմից ռմբակոծվել է Երևանի որոշ կառավարման մարմինների վարչական շենքեր և կարևորագույն օբյեկտներ, որի հետևանքով առաջացել է բժշկական և ինժեներական բարդ իրավիճակ և իրականացվել են աշխատակիցների պաշտպանությանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ:

Միջոցառման նպատակն էր ստուգել քաղպաշտպանության ղեկավար կազմի, շտաբների, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, դիտարկել կառույցի տարհանման պլանի իրատեսությունը:

Քննարկվեցին ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխատեղելիության հետ կապված հարցերը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am