1000х90.jpg (78 KB)

Ռազմարդյունաբերության ոլորտի հետ կապված լուրջ ծրագրեր ու նպատակներ կան. Նիկոլ Փաշինյան

Armenpress 17:15, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Վարչապետը, բացելով նիստը, նշել է, որ կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է, և այս ոլորտի հետ կապված լուրջ ծրագրեր ու նպատակներ կան: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններին, որոնց արդյունքում ստեղծվելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: «Ռազմարդյունաբերական համալիրը, արտադրական ներուժը, արտադրական ձեռնարկությունները պետք է տեղափոխվեն և տեղավորվեն այս նախարարության կառուցվածքի մեջ: Մենք այս թեմայով արդեն մի քանի աշխատանքային քննարկումներ ունեցել ենք և պետք է լուրջ խնդիրներ դնենք այս ոլորտի առաջ, որպեսզի այս ուղղությունը խթան հանդիսանա ոչ միայն մեր անվտանգության մակարդակի բարձրացման, այլև տնտեսության զարգացման համար, որի հետ կապված կարևորագույն խնդիրներից մեկը մեր երկիրը տեխնոլոգիապես զարգացած երկիր դարձնելն է», - նշել է կառավարության ղեկավարը:

Նիստի ընթացքում ներկայացվել են ռազմարդյունաբերական համալիրի համար երիտասարդ մասնագետների պատրաստման ուղղությամբ տարվող աշխատանքները, քննարկվել են գիտություն-տեխնոլոգիաներ-ռազմարդյունաբերություն-տնտեսություն շղթայի կառուցմանը և արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am