Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձնման մասին օրենքի նախագիծը կառավարությունն ուղարկել է միջազգային փորձաքննության

Armenpress 12:24, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը վարչապետի որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի կողմից մշակված՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձնման մասին օրենքի նախագիծն ուղարկել է միջազգային փորձաքննության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին մայիսի 24-ին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:

«Այս պահին նախագիծն ուղարկվել է փորձաքննության միջազգային կազմակերպություններին՝ միջազգային չափանիշներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով: Նախագիծը վերադարձվելուց  հետո աշխատանքային խմբում քննարկումներ կլինեն և վերջնականացվելուց հետո այն կդրվի լայն հանրային քննարկման»,- ասաց Վարդապետյանը:

Փոխնախարարը նշեց, որ այս օրենքի նախագիծը պետք չէ դիտարկել որպես անցումային արդարադատության գործիք:

 «Այս օրենքն ընդունելու պարտականություն Հայաստանն ուներ շատ ավելի վաղ: Հայաստանն ուներ պարտավորություն ունենալ նման օրենսդրություն և պայքարելու ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի նկատմամբ հայց հարուցելու միջոցով: Սա մեր պարտավորություններից բխող գործընթաց է, որը ժամանակավոր չէ»,- նշեց Վարդապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am