Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ

Armenpress 11:27, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը հույս է հայտնել, որ դպրոցում կերտված ինքնությունը արտահայտվի քաղաքացիական գործուն դիրքորոշմամբ ու պատասխանատվությամբ:

«Սիրելի շրջանավարտներ, դպրոցական զանգի վերջին ղողանջն ազդարարում է սերնդափոխության շղթայի հերթական ցիկլի ավարտն ու հաջորդի մեկնարկը: Դպրոցը շտեմարան է, որը մեզ է փոխանցում մարդկության կուտակած մտավոր բարիքի հիմնային ու հիմնական պաշարը: Բացի գիտելիքից ու գնահատականից, դպրոցում վաստակում ենք առաջին ընկերներին, համախոհներին ու առաջին մրցակիցներին, ձեռք ենք բերում հանրության մեջ մեր տեղը գտնելու, դրսեւորվելու հմտություններ ու ունակություններ: Դպրոցում ձեւավորվում ենք որպես անհատ, որպես քաղաքացի: Սա պակաս կարեւոր չէ, քան բուն գիտելիքը:  Ցանկանում եմ, որ մեր ներկա սերնդի՝ դպրոցում կերտված ինքնությունը արտահայտվի քաղաքացիական գործուն դիրքորոշմամբ ու պատասխանատվությամբ՝ ի շահ մեր քաղաքի ու մեր հայրենիքի, հանուն ազգային ավանդույթների պահպանման, համամարդկային արժեքների հետ հաղորդակցման, առաջադեմ ու օրինապահ հասարակության կերտման:

Սիրելի՛ շրջանավարտներ, կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվե՛ք արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որ սերմանել են Ձեր ուսուցիչները: Հիշեք՝ հայ ենք, հայաստանցի, հետեւաբար՝ ազնիվ ենք, աշխատասեր ու օրինապաշտ:  Շնորհավորում եմ մեր մանկավարժներին ու շնորհակալություն հայտնում իրենց բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհավորում եմ նաև Ձեր ծնողներին: Թող իրականություն դառնան Ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքները: Բարի երթ »,-ասված է քաղաքապետի ուղերձում:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am