Հայաստանում մեկնարկել է «Ինովացիոն քաղաքականության ենթատարածաշրջանային հետազոտություն» ծրագիրը

Armenpress 10:46, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մայիսի 23-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող «Subregional Innovation Policy Outlook» (Ինովացիոն քաղաքականության ենթատարածաշրջանային հետազոտություն) ծրագրի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի փորձագետներ և մասնագետներ: Ինչպես «Արմեննպրես»-ին տեղեկացրեցին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կլոր սեղան-քննարկման նպատակն էր հայտարարել Հայաստանում «Subregional Innovation Policy Outlook» ծրագրի մեկնարկը` ներկայացնելով ծրագրի մանրամասները և քննարկելով ծրագրի շրջանակում շահագրգիռ կողմերի հետ համագործակցության հնարավորությունները:  

«Subregional Innovation Policy Outlook» ծրագիրն իրականացվում է ԵՄ Արևելյան գործընկեր երկրներում և ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը` կարևորելով ինովացիոն ոլորտի զարգացման նշանակալի դերակատարումը տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացման գործում և ողջունելով ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող «Subregional Innovation Policy Outlook» ծրագրի մեկնարկը Հայաստանում:

Ելույթներով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռալֆ Հեյնրիխը և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ներկայացուցիչ Քրիստինա Հարթլերը` իրենց խոսքում ընդգծելով ազգային ինովացիոն էկոհամակարգերի զարգացման գործում միջազգային համագործակցության և համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am