ԵՄ զեկույց. ՀԸԳՀ իրականացումն արդյունավետ է ընթանում

Armenpress 20:10, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Եվրոպական միությունը ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի հունիսին նախատեսվող նիստին ընդառաջ հրապարակեց «Հայաստանի կողմից գործընկերության իրականացման զեկույցը», որը ներառում էր Հայաստանում տեղի ունեցող զարգացումները՝ 2018թ. հունիսի 21-ից (ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստ) մինչև 2019թ. մայիս ընկած ժամանակահատվածում: Եվրոպական հանձնաժողովի հրապարակած զեկույցում, ընդհանուր առմամբ,  բավական դրական են գնահատվել Հայաստանի նոր կառավարության կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքները։ Խոսքը հատկապես վերաբերում է ինստիտուտների ամրապնդման և արդյունավետ կառավարման, տնտեսական զարգացման ու շուկայական հնարավորությունների, կապի, էներգետիկ արդյունավետության, շրջակա միջավայրի ու կլիմայական փոփոխությունների, շարժունակության և մարդկանց միջև շփումների, ֆինանսական աջակցության ոլորտներին։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանն ավելացրել է ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ միևնույն ժամանակ կարևորելով Եվրամիության դերակատարությունը երկրի բարեփոխման օրակարգի սահուն իրականացման գործում: Այս առնչությամբ հատկանշական են ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսքերը, ով ընդգծել է Եվրոպական միության կողմից ցուցաբերված ու ցուցաբերվող մեծ աջակցությունը ՀՀ կառավարության ստանձնած՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ու երկրում մարդու իրավունքների խթանմանը միտված հավակնոտ բարեփոխումների ծրագրին. «Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար, և մենք կենտրոնացած ենք մեր լայնածավալ երկկողմ համաձայնագրի իրականացման, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում կոնկրետ արդյունքների ապահովման  վրա: Մշտապես կայուն համոզմունք ունենք, որ մեր նպատակները շոշափելի օգուտներ են բերում մեր քաղաքացիներին»։

Զեկույցում ընդգծվում է նաև ՀՀ կառավարության կողմից ներկայացված՝ ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզի կարևորությունը բարեփոխման ծրագրերի առաջմղման համար, որոնք դեռևս վաղ փուլում են գտնվում: Դրական գնահատականներ են տրվել Հայաստանի նոր կառավարության կողմից արդյունավետ  կառավարման գործընթացի և օրենքի գերակայության ապահովմանը, դատական համակարգի անկախությանը, հաշվետվողականությանը և արդյունավետության բարձրացմանը, արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձերի բացառմանը և այլն: Առանձնացնենք մի քանի կարևոր գնահատականներ.

- «Թավշյա հեղափոխության» և խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջընթաց է գրանցվել արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտում։ 2018թ. Ժողովրդավարության  ինդեքսի համաձայն՝ Հայաստանը 4.79 միավորով բարելավել է իր դիրքերը՝ ապահովելով 103-րդ տեղը՝ նախորդ 111-ի փոխարեն:

-  Նախորդ տարվա ընթացքում ԵՄ-ՀՀ առևտրի ընդհանուր ծավալն ավելացել է 15%-ով՝ հասնելով ընդհանուր 1.1 մլրդ եվրոյի: Ընդ որում, 2017 թվականի ընթացքում Հայաստանից՝ GSP+ պահանջներին համապատասխանող ապրանքների ավելի քան 96%-ի մուտքը Եվրամիություն կատարվել է 0% տուրքով:

- Կրթության ոլորտում նույնպես առաջընթաց է գրանցվել. 2018 թվականին մեկնարկել է 23 մլն եվրո արժողությամբ նոր «EU4Innovation» ծրագիր, որի միջոցով կստեղծվի «EU4Innovation» համալիր  համալսարանների համար և ԵՄ կոնվերգենցիայի կենտրոն, որը կմիավորի համալսարաններն ու մասնավոր հատվածը և կխթանի փոքր տեխնոլոգիական ստարտափները,

- Դրական առաջընթաց է գրանցվել կանանց քաղաքական մասնակցության առումով. Համաշխարհային տնտեսական ֆորումի համաշխարհային գենդերային ինդեքսում 144 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 98-րդ տեղը։ 

- Կարևորվել են հակակոռուպցիոն ծրագրերի իրականացմանն ուղղված ջանքերը, ընդգծելով, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի տվյալներով, ՀՀ դիրքերի բարելավումը 107-ից 105-րդ տեղ և այլն։

Հատկանշական է նաև, որ զեկույցում անդրադարձ է կատարվել վերջին շրջանում արդի՝ դատական համակարգերի բարեփոխման խնդրին։ Զեկույցում ընդգծվում են Հայաստանում նոր կառավարության կողմից դատական համակարգի անկախության, հաշվետվողականության և արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Այս համատեքստում հատուկ ուշադրության է արժանացել Հայաստանում «անցումային արդարադատության» տարրերի ներդրման վերաբերյալ հանրային քննարկումների ծավալումը, որի մեկնարկը դեռ սպասեցնել է տալիս։ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին այս առանցքային ոլորտում բարեփոխումների իրականացմանը: 

Չնայած նոր կառավարության՝ արդարադատության համակարգը բարեփոխելու հանձնառությանը, հանրային անվստահությունն ու դժգոհությունն ամբողջ համակարգի նկատմամբ դեռևս պահպանվել են, ուստի, սա այն ոլորտներից է, որի բարեփոխումը պետք է դիտարկել որպես առաջնահերթություն։ Նշենք, որ դեռևս 2018 թվականի սեպտեմբերին Եվրամիությունն ու Հայաստանը տվել են արդարադատության ոլորտի ԵՄ-Հայաստան ռազմավարական երկխոսության մեկնարկը:

Ընդհանուր առմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցում ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ տեղ գտած գնահատականներն ու շեշտադրումները դրական էին, չնայած որ մի քանի ոլորտներում կան բացեր, որոնց ուղղությամբ դեռ պետք է շարունակել աշխատանքներ իրականացնել։

Ըստ էության, այս զեկույցով Եվրամիությունը ևս մեկ անգամ ընդգծում է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության դրական դինամիկան։ Մի կողմից՝ հստակ ամրագրվում է ԵՄ աջակցությունը վերջին մեկ տարում երկկողմ գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ՀՀ ջանքերին, մյուս կողմից՝ ընդգծվում է ԵՄ հանձնառությունը շարունակել ներգրավվածությունը Հայաստանում,  ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ աջակցել ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումներին, որոնք կծառայեն երկկողմ շահերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am