«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը տոնեց գործունեության 5-ամյակը

Armenpress 19:18, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը մայիսի 23-ին տոնեց գործունեության 5-ամյակը։ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը հիմնադրել են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ Բանկ»-ն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ Բանկ»-ից, «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող 2 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկն է, որն իր կառավարման ներքո ունի ավելի քան 95 միլիարդ դրամի ակտիվներ, որից 15 միլիարդը գոյացել է պրոֆեսիոնալ կառավարման արդյունքում:

 ‹‹Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որն ադապտացրել է այս համակարգը և ձեռնարկել կենսաթոշակային բարեփոխման նման մոտեցում: Դա բավական գրավիչ էր, այդ պատճառով  ցանկացանք միանալ Հայաստանին այս գործում և Հայաստանը դարձնել այս ասպարեզում օրինակելի: Տարածաշրջանի մյուս երկրների մոտ գրավչություն է առաջացել կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ: Հայաստանն այս տեսանկյունից օրինակելի է դառնում:  Այլ երկրներ արդեն հետաքրքրվում են համակարգով, նշանակում է՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք››,- իր խոսքում նշել է  «Ամունդի»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթը:

‹‹Այս ռեֆորմը թույլ է տալիս հավուր պատշաճի կյանք ապահովել թոշակառուի համար: Այն նաև մեծ տնտեսական իրադարձություն է, քանի որ Հայաստանը կարող է ունենալ կայուն կենսաթոշակային համակարգ››,- իր խոսքում նշել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության տնօրեն Ժան Մազեջյանը:

‹‹Կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունները ոչ միայն սոցիալական բնույթ են կրում, այլև` տնտեսական: Կարևոր է, որ Հայաստանում երկարաժամկետ կտրվածքով դրամային միջոցներ կուտակվեն, որոնք հնարավոր կլինի ուղղել տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը››,-իր խոսքում նշել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության խորհրդի նախագահ, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: 

Միջոցառմանը ներկա էին  ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

«Ամունդի -ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը` 5-րդ տարեդարձի առթիվ, իր շահույթից 3 տարվա կտրվածքով 40.000-ական եվրո կտրամադրի Հայաստանում ֆրանսիական համալսարանին և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին` կրթական և մշակութային նախագծեր իրականացնելու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am