Համալսարանի շահը գերակա համարելով՝ վայր եմ դնում իմ լիազորությունները. Արամ Սիմոնյանի հայտարարությունը

Armenpress 17:50, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը մայիսի 23-ին տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին հայտարարել է, որ հրաժարական է տալիս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԵՊՀ-ից, Արամ Սիմոնյանն իր ելույթում նշել է, որ համալսարանի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում, այլ գնալով ավելի է ուժեղանում։

«Երկրի բարձրագույն իշխանությունն ինձ մեղադրում է, թե ես ճանկռում եմ այս աթոռը, որ երկար մնամ։ Ծիծաղելի է։ Ես երբեք այդ աթոռից կառչած չեմ եղել: Այս ամիսների ընթացքում, կարծում եմ, ձեզ համոզեցի, որ ես ո՛չ ընկրկող եմ, ո՛չ վախեցող եմ, ո՛չ էլ հերոս եմ ձևանում։ Ես պատրաստ եմ տղամարդուն վայել ձևով բոլոր հարցադրումների պատասխանները տալ»,-ասել է նա: Արամ Սիմոնյանը նշել է, որ այս ամիսների ընթացքում համալսարանում տեղի ունեցան փոփոխություններ։ Նա ընդգծել է, որ համալսարանի շուրջ ստեղծված լարվածության մեղավորը ոչ ինքն է, ոչ էլ համալսարանը:

«Դրա մեղավորը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմնի ներկայացուցիչներն են։ Մարդիկ, որոնք համալսարանական են, բայց համալսարանում որևէ լուրջ ներդրում չեն ունեցել։ Դա իրենց խնդիրն է։ Ես անընդունելի եմ համարում այն քաղաքականությունը, որն այսօր վարում է ԿԳՆ-ն, ոչ միայն կրթության և գիտության ոլորտում, այլև համալսարանի նկատմամբ։ Ես դա համարում եմ մերժելի։ Միևնույն ժամանակ ես դառնությամբ եմ նշում այն հանգամանքը, որ ազգային արժեք համարվող համալսարանը, որի 100-ամյակն է այս տարի նշվում, և որի հետ զուգահեռաբար նշվում է Բաքվի պետական համալսարանի 100-ամյակը, մեր պետության կողմից արժանանում է նման վերաբերմունքի: Մայիսի 16-ին և 17-ին մենք, այն էլ, ցավոք սրտի, ոչ բոլոր համալսարանականներով, նշեցինք բուհի ծննդյան օրը, այցելեցինք Գյումրի: Այնուհետև այստեղ կազմակերպվեց համերգ, հետո տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը, բայց պաշտոնական որևէ ուղերձ, որևէ շնորհավորանք ես չստացա, համալսարանը չստացավ։ Զանգեցին իմ ընկերները և այն մարդիկ, որոնք սիրում են համալսարանը և վերջ։ Նույնիսկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը չշնորհավորեց»,-ասաց նա։

Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց այն ուսանողներին, որոնք այս ամիսների ընթացքում ապացուցեցին, որ արժանի են համալսարանի ուսանող կոչվելուն: Ըստ նրա՝ համալսարանականների շարքում եղան ուրիշ մարդիկ, ովքեր ոչ միայն անտարբեր եղան, չմասնակցեցին, այլև բացահայտ հակակրանք արտահայտեցին այս ամիսների ընթացքում իր և իր գործունեության, համալսարանի, միջոցառումների նկատմամբ:

«Այս ամիսների ընթացքում, այս պայքարի ընթացքում շատ բաներ տեսանք: Հատկապես ես: Տեսա և՛ աջակցություն, և՛ բացահայտ անտարբերություն: Այն քրեական գործը, որը հարուցվել է համալսարանի դեմ, իր ամբողջ ծանրությամբ առաջին հերթին իմ ուսերին է: Բայց ես համոզված ասում եմ, որ մենք արդար ենք: Եվ այս դժվարություններից մենք դուրս ենք գալու: Այս ամբողջ գործընթացը թանկ է արժենում ինձ և մանավանդ իմ ընտանիքին՝ առողջության և բարոյականության, հոգեկան վիճակի տեսանկյունից: Բայց այն նաև չի նսեմացնում իմ և իմ ընտանիքի անդամների ցանկությունը՝ հավատալու համալսարանի ապագային, համոզմունքին, որ մենք ճիշտ ենք, որ ես՝ որպես համալսարանի ռեկտոր, այս տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, ճիշտ եմ գործել: Թերություններ եղել են, բայց գնացել և փորձել եմ անել այն ամենը, ինչ կարողացել եմ»,-ասել է Արամ Սիմոնյանն՝ ընդգծելով, որ միշտ պայքարելու է՝ հանուն համալսարանի, ԵՊՀ-ի վաղվա օրվա համար:  

Նա նշել է, որ եթե այսօր հրաժարական չտա, միևնույն է, դա կրկին օրենքի խախտումով է արվելու: «Ես արդեն տեղյակ եմ՝ փոխելու են Հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որ  կարողանան ինձ հանելու հաճույքը ստանալ: Ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի: Համալսարանի շահը գերակա համարելով՝ վայր եմ դնում իմ լիազորությունները: Հոգաբարձուների խորհուրդը կորոշի 7 օրվա ընթացքում, այդպես է կանոնադրությունը, թե երբ է նոր ռեկտորի ընտրության օրը նշանակվում: Պարտականությունների ժամանակավոր կատարող կլինի, մինչև որ կլինեն ընտրություններ: Ես կարծում եմ, որ ընտրությունները կլինեն բավականին շուտ, որովհետև դրանից բխում է նաև համալսարանի բնականոն գործունեությունը»,-ավելացրել է Արամ Սիմոնյանը:

Նա տեղեկացրել է, որ շարունակում է մնալ համալսարանում՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում, որի ղեկավարն է, Հայոց պատմության ամբիոնում: Նա կարծում է, որ իր համար նոր էջ կբացվի:     

Արամ Սիմոնյանը 2006 թ. մայիսին ընտրվել է, 2011 թ. մայիսին վերընտրվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում: 2008 թ. հուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է: 2015 թ. հունիսի 25-ին ընտրվել է Երևանի պետական համալսարան հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am