«Իմ քայլ»-ի պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը սահմանել 63 հազար դրամ

Armenpress 09:20, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանն առաջարկում են ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել 8 հազար դրամով` 55 հազար դրամի փոխարեն սահմանելով 63 հազար: Սա նվազագույն աշխատավարձը կմոտեցնի նվազագույն սպառողական զամբյուղին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարազդատ Կարապետյանը ներկայացրեց արդեն շրջանառության մեջ դրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի նպատակն ու մանրամասները:

«Այդ 8 հազարն էական բան չի փոխելու շատ ընտանիքների համար, բայց գոնե աշխատավարձը մոտեցնում ենք նվազագույն սպառողական զամբյուղին, որ մարդն աշխատավարձով գոնե ինքն իրեն կարողանա նվազագույն կենսամակարդակ ապահովել: Երբ նախընտրական հանդիպումներ էինք ունենում մարզերում, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների հետ, ամենակարևոր բարձրացվող հարցը նվազագույն աշխատավարձի չափն էր: Այդ հանդիպումների արդյունքում, նաև այն պատճառով, որ ստվերից ավելի շատ աշխատատեղեր են դուրս գալիս, որն ուղեկցվում է իրական աշխատավարձի չափն արտացոլելով, մենք հասկացանք, որ ժամանակն է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել»,-ասաց Կարապետյանը:

Նախագծի նախնական տարբերակում քննարկել են նվազագույն աշխատավարձի չափը հասցնել մինչև 65 հազար դրամի, սակայն ինչպես Կարապետյանը նշեց` նման բարձրացման դեպքում փոխվելու էին գործակիցներ, այս իսկ պատճառով ընտրվեց 63 հազարի տարբերակը: Կարապետյանի խոսքով` դա ընդամենն առաջին փոքր քայլն է: Կարծում է, որ նվազագույն աշխատավարձը առաջին 4-5 տարիների ընթացքում պետք է առնվազն 120 հազար դրամ լինի և այդ ուղղությամբ պատրաստվում է անընդհատ աշխատանք կատարել:

ՊԵԿ-ի տրամադրած տեղեկանքի համաձայն` 2019-ի մարտի դրությամբ հանրապետությունում մինչև 81 հազար 820 դրամ` ներառյալ հարկերը, աշխատավարձ ստացող լրիվ աշխատաժամանակով աշխատակիցների թիվը չի գերազանցում 45 հազարը, որից պետական ապարատում աշխատողներինը` 8 հազար 400, իսկ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում` 6 հազար: Նախագծի ընդունման արդյունքում այդ մարդկանց աշխատավարձերը կբարձրանան միջինը 6 հազար 270 դրամով: Փոփոխություններն իրականացնելու համար պետական բյուջեից կպահանջվի տարեկան շուրջ 840 մլն դրամի հավելյալ ծախս, իսկ համայնքների բյուջեից 392 մլն դրամի: Ընդհանուր առմամբ, աշխատավարձին հատկացվող միջոցները մասնավոր և պետական հատվածներում կկազմեն շուրջ 3.46 մլրդ դրամ:

Պատգամավորի հաստիացմամբ, սակայն, փոփոխությունն էական ազդեցություն չի ունենա պետական բյուջեի վրա: «Բյուջետային համակարգից աշխատավարձ ստացող մարդկանց աշխատավարձը բարձրացնում ենք, բայց մասնավոր հատվածը ևս բարձրացնելու է աշխատավարձերը: Եվ եկամտային հարկի ավելի մուտքագրումներով կփակվի պետական բյուջեի ծախսը»,-նշեց նա:

Պետական և մասնավոր հատվածում աշխատավարձի բարձրացումը կկազմի 3.46 մլրդ դրամ, որից որպես եկամտային հարկ պետական գանձարան կվերադառնա 0.8 մլրդ դրամ` այնքան, որքան կկազմի պետական հատկացումը: Բարձրացման արդյունքում կկրճատվի նաև պետական ու մասնավոր հատվածների աշխատավարձերի տարբերությունը:

Անդրադառնալով համայնքային բյուջեի վրա լրացուցիչ ծախսին` Կարապետյանը նշեց, որ վաղուց արդեն անհրաժեշտ է, որ մարդիկ համայնքներում նորմալ վարձատրվեն: «Համայնքապետերը պետք է հրաժարվեն վատ պրակտիկայից` նվազագույն աշխատավարձով պահել աշխատողներ, որոնք հետագայում ընտրություններին պետք է ձայն ապահովեին: Եվ նվազագույն աշխատավարձի աստիճանական աճը նաև ուղեկցվելու է այդ գործընթացով, որ ՏԻՄ-ը հասկանա` ավելի լավ է պահել մեկ նորմալ մասնագետ»,-նշեց նա:

Առաջարկվող նախագծով կավելանան նաև ժամավճարները: Աշխատաժամանակի նորմալ` շաբաթում 40 ժամ տևողության դեպքում մեկ ժամը կլինի 375 դրամ, իսկ կրճատ` 36 և 24 ժամ տևողության դեպքում ժամը համապատասխանաբար 420 և 630 դրամ:

Կարապետյանը նշեց` եթե նախագիծը քննարկվի և ընդունվի, նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու նախաձեռնությամբ հանդես կգան ամեն տարի: Նրա կարծիքով` նույնիսկ կգա ժամանակ, երբ նվազագույն աշխատավարձի չափ սահմանելու նպատակայնությունը կկորի, քանի որ տնտեսության մեջ գնալով արտադրողականությունն ու աշխատավարձերն աճում են: Սակայն այս պահին գտնում է, որ սոցիալական արդարության տեսանկյունից նպատակահարմար է բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am