Մարտունու ավագ դպրոցի աշակերտ Սերգեյ Հայրապետյանը երկու առաջին կարգի դիպլոմ է շահել ԱՊՀ երկրների առարկայական օլիմպիադաներում

Armenpress 21:31, 22 Մայիս, 2019

 ԳԱՎԱՌ 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Հայրապետյանը այս տարվա հունվար եւ փետրվար ամիսներին  մասնակցելով ԱՊՀ երկրների դպրոցականների համար կազմակերպված առարկայական օլիմպիադաներին,  «Տնտեսագիտություն» եւ «Մաթեմատիկա»  առարկաների մրցույթներում շահել է երկու առաջին կարգի դիպլոմ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սերգեյ Հայրապետյանը, մինչ Մոսկվա մեկնելը ինքն օնլայն կարգով հաղթահարել է մրցութային երկու փուլերի արգելքը, ապա նոր ձեռք բերել միջազգային գլխավոր մրցույթին մասնակցելու իրավունք:

«Օլիմպիադան անցկացվում էր «Գազպրոմի» հովանավորությամբ: Մրցույթներին մասնակցում էին այն երկրների ներկայացուցիչները, որտեղ որ գործունեություն է ծավալում «Գազպրոմը»: Ես մասնակցել եմ երկու առարկաների մրցույթներին, որոնք տեղի ունեցան Մոսկվայի տնտեսագիտության ինստիտուտում եւ Գազի ու նավթի համալսարանում: Իմ տարեկիցների խմբում «Տնտեսագիտություն» առարկայից մասնակցել են 30, «Մաթեմատիկա»  առարկայից՝ 90 աշակերտ: Արդյունքների մասին տեղեկացել եմ վերջերս, երբ ստացվել են վերջնական պատասխանները, որոնց արդյունքներով ինձ շնորհվել է երկու առաջին կարգի դիպլոմ՝ «Տնտեսագիտություն» եւ «Մաթեմատիկա»  առարկաներից: Եվ այդ արդյունքներով ես արդեն համարվում եմ  Մոսկվայի Նավթի եւ գազի  համալսարանի ուսանող, որտեղ  կրթությունս շարունակելու եմ անվճար: Սակայն միջնակարգ կրթությունն ավարտելուց անմիջապես հետո մեկնելու եմ Հայոց բանակ, իսկ կրթությունս կշարունակեմ զինվորական ծառայությունից հետո» ,-ներկայացրեց Սերգեյ Հայրապետյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am