«Թռչնոց բույն» հայկական որբանոցում կայացել է Մարի Յակոբսենի հիշատակին նվիրված միջոցառում

Armenpress 21:11, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի Բիբլոս քաղաքում գտնվող «Թռչնոց բույն» հայկական որբանոցում մայիսի 22-ին տեղի է ունեցել դանիացի միսսիոներ Մարիա Յակոբսենին նվիված միջոցառում, որը կազմակերպել էր Բիբլոսի քաղաքապետարանը՝ Հայաստանի և Դանիայի դեսպանությունների հովանավորությամբ և Լիբանանի տուրիզմի նախարարության աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կրոնական ծիսակարգով հարգանքի տուրք է մատուցվել  դանիացի միսիոների հիշատակին: Ելույթով հանդես են եկել Դանիայի ու Հայաստանի դեսպանները, ընթերցվել է  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ուղերձը:

Միջոցառմանը ներկա երկու տասնյակ դեսպաններ, խորհրդարանի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն այցելել են «Թռչնոց բույն»-ում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am