Տավուշի մարզի կարիքավոր ընտանիքները մարդասիրական օգնություն են ստացել Արաբական Միացյալ Էմիրություններից

Armenpress 20:27, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ և  Խալիֆա բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, Էմիրաթական կարմիր մահիկի, Շարժայի բարեգործական միության, ինչպես նաև Զայեդի մարդասիրական և բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ Տավուշի մարզի Իջևանի և Նոյեմբերյանի տարաշածրջաններում իրականացված բարեգործական ծրագրի արդյունքում շուրջ 250 կարիքավոր ընտանիք ստացել է սնունդ պարունակող արկղեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բարեգործական ծրագրի իրականացմանը ներկա են եղել Տավուշի մարզպետարանի, ինչպես նաև Իջևանի և Նոյեմբերյանի քաղաքապետարանների ներկայացուցիչներ։

«Հանդուրժողականության տարվա» շրջանակներում ԱՄԷ-ն շարունակում է ողջ աշխարհում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը՝ անմասն չթողնելով նաև Հայաստանը, և այս ծրագիրը իրականացվող նախաձեռնությունների մասն է։

Տրամադրվող բարեգործական օգնությունը կապված չէ ստացող երկրների քաղաքական ուղղվածության, աշխարհագրական դիրքի, ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելության հետ, այլ առաջին հերթին ուշադրություն է դարձվում մարդասիրական կողմին և ժողովուրդների կարիքներին։

Էմիրությունների մարդասիրական այս քաղաքականությունը մարմնավորվում է պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառմամբ։

Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև էմիրությունների ներկայիս տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am