«Զարթոնք» օրաթերթը լույս է ընծայել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ պատանու հուշերի վրա հիմնված գիրք

Armenpress 19:57, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Միլիոնէն մէկը. ցեղասպանութեան ականատես զէյթունցի պատանիի մը յուշերը» գիրքը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված պատանու մասին, ով կարողացել դիմագրավել փորձություններին ու կենդանի մնալ` իր պատմությունը փոխանցելով սերունդներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց մայիսի 22-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում:

«Յուրաքանչյուր հուշագրություն գաղտնիքներ է պարունակում թե’ ընթերցողների, թե’ հետազոտողների համար: Ամեն մի հուշագրություն նորություն է բերում և հյուլե ավելացնում Հայոց ցեղասպանության պատմությանը: Ինչքան էլ մենք ուսումնասիրում ենք այդ պատմությունը, տեսում ենք, որ կան բազմաթիվ չբացահայտված էջեր, և այդ էջերի զգալի մասը ոչ թե  արխիվներում է, այլ հենց մարդկանց հուշագրություններում: Մարդիկ, ովքեր տեսել են ցեղասպանությունը, զգացել են այն իրենց կաշվի վրա և  կյանքի որոշակի փուլում որոշել են այդ ամենը թղթին հանձնել»,-նշեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

«Զարթօնք» օրաթերթի խմբագիր Սևակ Յակուբյանի խոսքով` գրքի հերոսի` Հարություն Գալայճյանի անունը մի քանի  ամիս առաջ ոչ ոք չէր լսել: «Նա ծնվել է Զեյթունում, ականատես է եղել Հայոց ցեղասպանությանն  ու հետագայում մահացել  Բրազիլիայում: Հավանաբար, նրա անմիջական  շրջանակից բացի ոչ ոք նրա մասին չգիտեր, բայց գրքի շնորհիվ նա քաջածանոթ դարձավ մեր հազարավոր ընթերցողներին: Սա է «Զարթոնք» մատենաշարի թաքուն նպատակը»,-շեշտեց նա:

Յակուբյանն ընդգծեց, որ ձեռագիր բնագիրը հայտնաբերվել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության և «Զարթոնք» օրաթերթի Բեյրութի արխիվներում:

«Ձեռագիրը 1974 թվականին հանձնվել է  Հրաչյա Սեդրակյանին, որպեսզի հարմար լինելու դեպքում այն հրատարակվի թերթի ձևով: Չգիտեմ, թե ինչո՞ւ բնագիրն այդ ժամանակ չի հրատարակվել: Մենք նպատակահարմար համարեցինք այն լույս ընծայել օրաթերթի 80-ամյակի կապակցությամբ  և  մատուցել ընթերցողներին»,-նշեց Յակուբյանը:

Գիրքը հրատարակվել է «Զարթոնք» օրաթերթը: Այն «Զարթօնք» մատենաշարի առաջին գիրքն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am