ԵԹԿՊԻ ուսանողները համաձայնեցին հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ. նրանք բացեցին բուհի դռները

Armenpress 19:32, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, ովքեր ժամեր շարունակ փակել էին ինստիտուտի ելքերն ու մուտքերը՝ բողոքելով ռեկտորի պաշտոնում Լիլիթ Արզումանյանի ընտրության դեմ, ընդունեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու առաջարկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուսանողների 7 հոգանոց խումբը, քննարկելով իրենց ներկայացված առաջարկը, ուղևորվեց ԿԳ նախարարի հետ հանդիպման:  Ուսանողները նաև բացեցին բուհի դռները:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեկտորի պաշտոնում մայիսի 22-ին ընտրվել էր միակ թեկնածու, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 14 կողմ, 9 դեմ. 1 թերթիկ անվավեր է ճանաչվել:

ԵԹԿՊԻ ռեկտորի ընտրության արդյունքների հրապարակումից հետո ուսանողները սկսել էին  բողոքի ակցիա իրականացնել բուհում: Նրանք պահանջում էին Լիլիթ Արզումանյանի հրաժարականը և կրկնում այլընտրանքային թեկնածուի անհրաժեշտության մասին իրենց պնդումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am