ՀՀ վարչապետն ընդունել է է ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ ցուր Հաուզենին

Armenpress 19:26, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին ընդունել է ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Հարալդ ցուր Հաուզենին:

Վարչապետը ողջունել է անվանի գիտնականին Հայաստանի կառավարությունում և բարձր գնահատել նրա ներդրումը գլոբալ առողջապահության զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բնակչության շրջանում վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելման նպատակով անվտանգ և արդյունավետ պատվաստումների իրականացումը, և այս ոլորտում Հարալդ ցուր Հաուզենի տպավորիչ ձեռքբերումները և փորձը օգտակար կլինեն, կնպաստեն հանրային իրազեկվածության բարձրացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ ցուր Հաուզենը նշել է, որ ուրախ է այցելել մեր երկիր, հանդիպել ՀՀ վարչապետին և, առաջին անգամ գտնվելով Հայաստանում, տպավորված է ջերմ հյուրընկալությամբ: Անդրադառնալով գլոբալ առողջապահության մարտահրավերներին՝ Հարալց ցուր Հաուզենը նշել է, որ, իր կարծիքով, պատվաստումը վարակիչ հիվանդությունները կանխարգելող լավագույն լուծումներից է, և հանրային ճիշտ իրազեկումը դրա կարևորության վերաբերյալ էական նշանակություն ունի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել պատվաստումների ազդեցության, հանրային տեղեկացվածության բարձրացման հարցերի շուրջ:

Գերմանացի վիրուսաբան Հարալդ ցուր Հաուզենը Նոբելյան մրցանակ է ստացել՝ բացահայտելով մարդու պապիլոմավիրուսի (HPV) դերը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման մեջ: Նա Հայաստանում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Նոբելյան օրեր Երևանում»  միջոցառման շրջանակում և մայիսի 23-ին ԵՊԲՀ նիստերի դահլիճում հանդես է գալու «Link between Nutritional infections and common human cancer» զեկույցով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am