Հայաստանն իր մեկնարկային պայմանները ճիշտ օգտագործելու պարագայում կարող է ներգրավել ՀՆԱ-ի 7.2 տոկոսի չափով օտարերկրյա ներդրումներ. հետազոտություն

Armenpress 17:35, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը համակարգային կապերն ուժեղացնելու արդյունքում ներկայիս մեկնարկային պայմաններում մոտ 3 անգամ ավելի շատ ներդրումներ կարող է ներգրավել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 22-ին ՀՀ ազգային ժողովում Տնտեսական լրագրողների ակումբի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված ներդրումային միջավայրի վերլուծության արդյունքում հրատարակված «Հայաստանի ներդրումների միջավայր, իրական դաշտը և առկա հիմնախնդիրները» խորագրով հետազոտության շնորհանդեսին այս մասին հայտնեցին հետազոտության հեղինակները:

«Ներդրումների կարևորագույն բաղադրիչներից մեկը շուկայի ծավալն է: Բազմիցս հայտարարվում է, որ Հայաստանն ունի փոքր շուկա և ի վիճակի չէ ներդրումներ ներգրավել, պահանջարկը փոքր է: Փորձել ենք հասկանալ` արդյոք Հայաստանի շուկայի չափի շուկաների պայմաններում հնարավոր է ներգրավել ավելի շատ ներդրումներ, քան ներգրավել ենք: Ուսումնասիրել ենք Հայաստանի շուկայի չափի ինդեքսով, Հայաստանին համապատասխանող 72 երկիր: Արդյունքում՝ եկանք հետևյալ եզրակացության` կան գործոններ, որոնք միևնույն շուկայի պայմաններում նպաստում են ներդրումների ներգրավմանը: Դրանք են՝ սեփականության իրավունքը, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը, ներդրումների հարկային խթանները, տարիֆային սահմանափակումներն, աշխատուժի արտադրողականությունը և այլն: Գնահատման արդյունքում ստացանք հետևյալը` եթե Հայաստանում գոյություն ունեցող մեկնարկային պայմանները օգտագործվեն այնպես, ինչպես օգտագործվում են մեր ուսումնասիրած երկրներում, ապա Հայաստանը հնարավորություն կունենա ներգրավել օտարերկրյա ներդրումներ` իր ՀՆԱ-ի 7.2  տոկոսի չափով»-ասաց հետազոտության համահեղինակներից, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնից վարիչ Արմեն Քթոյանն ու հավելեց, որ վերջին 5 տարիների միջինացված ցուցանիշը փաստացի 2.7 տոկոսն է:

 Նրա խոսքով` եթե համակարգային կապերը լինեն այնպիսին, որ արդյունավետ օգտագործվեն մեկնարկային պայմանները, Հայաստանը կունենա 3 անգամ ավելի շատ ներդրումների ծավալ, քան կա:

Տնտեսական լրագրողների ակումբի գործադիր տնօրեն Աննա Բաղդասարյանի խոսքով` ներդրումային միջավայրի գնահատման ծրագիրն իրենց ակումբի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ՝ 2018-ի ավարտին իրականացված հերթական ծրագրերից մեկն է: Հետազոտությունն անցկացվել է 2018-ի նոյեմբերին, դրա արդյունքներով հրատարակվել է զեկույց, որը ներկայացնում է Հայաստանի ներդրումային հնարավորությունները, խնդիրները և կոնկրետ թիրախները, որտեղ կարելի է ներգրավել ներդրումներ:

Հետազոտության համահեղինակ, ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը նշեց, որ փորձել են անդրադառնալ չորս հիմնական առանցքային հարցերի` միջազգային համադրություններ, որոնց միջոցով փորձել են վերհանել  խնդիրները, ներդրումների փաստացի կատարողականը, ներդրումների իրավական կարգավորումը, Հայաստանի ներդրումային պոտենցիալը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am