Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատուին

Armenpress 17:23, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն  ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսսի-Բրայերսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են անցումային արդարադատության ներդրմանն առնչվող մի շարք հարցեր:

Փոխնախարար Վարդապետյանը գործընկերներին տեղեկացրել է, որ առաջիկայում Խորհրդարանում կազմակերպվող հանրային լսումների շրջանակում՝ որպես հիմնական զեկուցող, ներկայացնելու է անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը: Ամերիկացի գործընկերոջ հարցին ի պատասխան՝ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական քննարկումների օրակարգում ներառված են նաև վեթթինգի ինստիտուտի կիրառման իրավական գործիքակազմին առնչվող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունների:

Ամփոփելով քննարկումը՝ կողմերը հետագա համագործակցության խորացման պայմանավորվածություն են ձեռք բերել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am