Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը

Armenpress 17:19, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արևադաշտի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հսարակայնության հետ կապերի վարչությունից, հոբելյանական միջոցառման ընթացքում կրթօջախի 3-4-րդ դասարանների աշակերտները հանդես են եկել տոնական երգ ու պարով, թումանյանական ասմունքով և թատերական ներկայացմամբ:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խոսել է Թումանյանի` որպես հայ գրականության կարկառուն ներկայացուցիչ, մտավորական և երեխաների մանկության լավագույն ընկեր լինելու մասին` անգնահատելի համարելով մեծանուն գրողի ստեղծագործությունների միջոցով մարդկությանը փոխանցվող արժեքները:

Անդրադառնալով կրթության ոլորտին` մարզպետն առաջնային է համարել կրթության որակին ուղղված բարեփոխումների իրականացումը և դրան զուգահեռ նաև կրթօջախների ընդհանուր պայմանների բարելավումը` մատնանշելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մարզի հինգ դպրոց, այդ թվում` Արևադաշտի դպրոցն ապահովվել է ջեռուցման լոկալ համակարգով, վթարային համարվող չորս դպրոց էլ ընդգրկվել է սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցի ցանկում, որի արդյունքում հնարավորինս կարճ ժամանակահատվածում ապահովվելու է դրանց վերակառուցումը կամ նորերի կառուցումը:

Իրականացված և նախատեսվող աշխատանքներում ընդգծելով կառավարության մեծ դերակատարումը` Համբարձում Մաթևոսյանը կարևորել և բարձր է գնահատել նաև համայնքի, դպրոցի, առանձին կազմակերպությունների ու բարերարների գործուն աջակցությունը դպրոցաշինության ծրագրերին:

Միջոցառման ավարտից հետո կրթօջախի տնօրեն Նազիկ Բաբայանի և Հայ կրթական հիմնարկության անդամ, դպրոցի բարերար Միմի Ձառուկյանի ուղեկցությամբ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շրջել է նորակառույց դպրոցում, ծանոթացել երեխաների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին:

Արևադաշտ համայնք կատարած մարզպետի այցն ավարտվել է մանկապարտեզ այցելությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am