Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին

Armenpress 14:57, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-արաբական համագործակցության հեռանկարները: Ողջունելով հյուրերին՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հիշատակեց 2016 թ. նոյեմբերի 10-ին Դուբայում ԱԻՆ և ԱՄԷ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային վարչության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որի արդյունավետ իրագործման համար առաջարկեց երկու կողմերից նշանակել համակարգող պատասխանատուներ:  Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ երկու երկրներում տեղի ունեցող աղետները տարբերվում են իրարից, մասնավորապես՝ ՀՀ-ին բնորոշ են անտառային հրդեհները, տեղումների հետևանքով առաջացող աղետները: Նախարարը հետաքրքրվեց ԱՄԷ-ում կիրառվող փորձով, հատկապես, բարձրահարկ շենքերի հրդեհների մարման և բնակչության տարհանման ժամանակ կատարվող աշխատանքներով: Մուհամմադ Ալ Զաաբին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ որպես երիտասարդ պետություն, ԱՄԷ-ն կարևորում է ավելի հին պետությունների փորձը: Նա կարևորեց, իրենց երկրի կառուցման և կայացման գործում մեր հայրենակիցների ավանդը: Դեսպանն ուրախությամբ փաստեց, որ մեր երկու երկրները նման են անվտանգության և ապահովության առումով: Նա նշեց, որ ԱՄԷ-ն հնարավորինս օժանդակում է բարեկամ երկրներին՝ շեշտելով, որ ունի իր երկրի արտգործնախարարի հանձնարարությունը՝ մանրակրկիտ և արդյունավետ աշխատանք իրականացնել հայաստանյան կառույցների հետ: Այս առումով՝ դեսպանն առանձնապես կարևորեց հումանիտար առաքելություն ստանձնած ԱԻ նախարարության հետ կատարվող աշխատանքը: Նախարար Ցոլակյանը և դեսպան Ալ Զաաբին պայմանավորվեցին պարբերաբար հանդիպել և գործնական լուծումներ տալ առկա մարտահրավերներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am