Զապորոժիեի հայ համայնքը աջակցում է Երկրապահին

Armenpress 14:41, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորականների միությունն իր հայրենասիրական առաքելությունն իրականացնելիս համաժողովրդական  աջակցություն է ստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵԿՄ լրատվության բաժնից, մայիսի 22-ին  ԵԿՄ վարչությունը հյուրընկալել է Զապորոժիեի (Ուկրաինա) հայկական  համայնքի  նախագահ Արտաշես Սարգսյանին, ով, կարևորելով Երկրապահի գործունեությունը, իր համայնքի կողմից նյութական աջակցություն ցուցաբերեց մեր բանակի թիվ մեկ ռեզերվ հանդիսացող հասարակական կազմակերպությանը:

Ա. Սարգսյանը հաճախ է լինում Հայաստանում և սատարում հայրենասիրական ծրագրեր իրականացնող կառույցներին: Այս անգամ որոշել է աջակցել Երկրապահ կամավորականների միությանը, քանի որ `«որքան ուժեղ է մեր զինվորը, այնքան հզոր է մեր հայրենիքը: Իսկ երկրապահ կամավորականը մշտապես հայ զինվորի կողքին է` նրա աջակիցը»,- ասում է Զապորոժիեի հայ համայնքի ղեկավարը:

Նա նաև կոչ արեց աշխարհասփյուռ հայերին հետևել իրենց համայնքի օրինակին` աջակցություն ցուցաբերել վերակազմավորված ԵԿՄ-ին` զորակցելով և սատարելով երկրապահի իրականացրած հայրենանվեր գործունեությանը:  

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին և փոխնախագահ Մանվել Եղիազարյանին Արտաշես Սարգսյանը փոխանցեց Զապորոժիեի հայ համայնքի խորհրդանշական պարգևները:

Սասուն Միքայելյանը շնորհակալագիր հանձնեց Ա. Սարգսյանին և վստահեցրեց, որ ինչպես այս, այնպես էլ հետագա աջակցությունները իր ղեկավարած կառույցը  կծառայեցնի միմիայն ազգանպաստ գործունեության իրականացման համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am