1000х90.jpg (78 KB)

Եթե «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը. Պիրս Մորգան

Armenpress 20:42, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու հետ կապված խնդիրներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողը հարցադրում է արել «Չելսի»-ին։

««Չելսի», դուք ունեք բազմաթիվ հայ երկրպագուներ։ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակում չեք պատրաստվո՞ւմ որևէ քայլ անել։

Եթե «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը»,- գրել է Մորգանը՝ Թվիթերի իր միկրոբլոգում: Հայտնի է, որ Մորգանն «Արսենալ»-ի ջերմեռանդ երկրպագու է:

«Արսենալ»-ն ու «Չելսի»-ն Եվրոպայի լիգայի գավաթը Բաքվում վիճարկելու են մայիսի 29-ին։ Մայիսի 21-ին «Արսենալ»-ը հայտարարել է, որ Մխիթարյանը չի մեկնելու Ադրբեջան։  «Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Մխիթարյանին թիմի կազմում ընդգրկելու բոլոր տարբերակները, սակայն խնդիրը Մխիթարյանի և նրա ընտանիքի հետ քննարկելուց հետո որոշում ենք ընդունել, որ նա չի մասնակցի խաղին: Մենք ՈՒԵՖԱ-ին մեր խորը անհանգստությունն ենք հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մխիթարյանը առանցքային խաղացող է եղել մեզ համար եզրափակչի ճանապարհին, և մենք մեծ կորուստ ենք կրում»,-ասված է հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am