Գավառում տեղումներից ժամեր անց էլ պահպանվում է կարկտի հաստ շերտը

Armenpress 20:24, 21 Մայիս, 2019

ԳԱՎԱՌ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքում մայիսի 21-ի կեսօրին տեղացած հորդ կարկուտը երեկոյան ժամը 20-ի դրությամբ շարունակում է հաստ շերտով նստած մնալ մայթերին ու տնամերձ հողամասերում: Կարկտի նույն երակը թափվել է նաեւ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի վրա: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, մարզի մյուս տարածքներում ու Գավառի տարածաշրջանի այլ համայնքներում կարկուտ չի տեղացել: Կարկուտը թափվել է ավելի քան մեկ ժամ տեւողությամբ՝ վնասելով ծաղկած կորիզավոր ծառերը, սխտորի ցանքերը եւ կաղամբի սածիլները:

«Ինչ վերաբերում է հացահատիկի արտերին, ապա մի քանի օրից միայն պարզ կլինի, վնասվել են դրանք արդյոք, թե ոչ»,-տեղեկացրեց գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը: Ժամեր շարունակ Գավառում ու Գանձակում մայթերին նստած կարկտի շերտը խաթարել է քաղաքացիների անցուդարձը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am