ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է ընդունելություն ի պատիվ Կոնգրեսի գրադարանի Հայաստանի ու Վրաստանի հարցերով մասնագետի

Armenpress 13:50, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը մայիսի 16-ին հյուրընկալել է ընդունելություն` ի պատիվ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի բաժնի Հայաստանի ու Վրաստանի հարցերով մասնագետ Լևոն Ավդոյանի` գրադարանում իր ավելի քան 40-ամյա գործունեության ավարտի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառումը կազմակերպվել էր Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հետ համատեղ, որը 1974թ. հիմնված գիտական կազմակերպություն է, որի նպատակներն են հայագիտության զարգացումը` որպես ուսումնական ճյուղ, և հայ մշակույթի ու հասարակության ուսումնասիրության խթանումը:Միջոցառմանը ներկա են եղել ականավոր գիտնականներ ամերիկյան ու միջազգային տարբեր գիտական կառույցներից, այդ թվում` Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի բաժնի նախկին ղեկավար Մարի-Ջեյն Դիբը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Մայքլ Լեմոնն ու Ջոն Էվանսը, դիվանագետներ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանությունից, ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ ու հայ համայնքի անդամներ: Միջոցառման ընթացքում Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահ Պետրոս Տեր-Մաթոսյանը Լևոն Ավդոյանին հանձնել է ընկերակցության անդրանիկ «Lifetime Achievement» պարգևը:Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր ելույթում ընդգծել է դոկտոր Ավդոյանի ներդրումը հայագիտական ուսումնասիրությունների բնագավառում և նրա բազում գիտական նվաճումները, և շնորհակալություն հայտնել նրան` իր կարևոր պաշտոնում երկարամյա ծառայության համար: Դեսպանը հատկապես կարևորել է դոկտոր Ավդոյանի ջանքերն իր գործունեության ընթացքում մի շարք կարևորագույն նախագծերի կյանքի կոչման հարցում, այդ թվում` 2012թ. առաջին հայկական տպագիր գրքի 500-ամյակին նվիրված ցուցահանդեսը, հայագիտական տարբեր թեմաների շուրջ Վարդանանց օրվա դասախոսությունների շարքը, նրա աջակցությունը 2018թ. Սմիթսոնիան «Ֆոլքլայֆ» փառատոնի կազմակերպման ընթացքում, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարված լայնածավալ աշխատանքը` գրադարանի հայկական հավաքածուի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am