Նպատակ կա Երևանի տրանսպորտի շարժակազմի շուրջ 10 տոկոսը դարձնել էլեկտրական. մանրամասներ էլեկտրամոբիլների ծրագրից

Armenpress 12:31, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020 թվականին էլեկտրամոբիլների շահագործման ենթակառուցվածքների առումով էական տեղաշարժ կլինի: Արդյունքում՝ կավելանա լիցքավորման կայանների թիվը: Թե որքանով կավելանա, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ռազմավարական ծրագրերի մոնիտորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց , որ այս պահին դժվար է ասել, հաշվի առնելով, որ այն ուղղակիորեն կապված է էլեկտրամոբիլների թվաքանակի հետ:  

«Ներկայում քննարկման փուլում է «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ-7»-ի շրջանակներում  «Հայաստանում Էլեկտրական շարժունակության» ծրագիրը: Այն նախատեսում է ինչպես էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ստեղծման, այնպես էլ էլեկտրամոբիլների ձեռքբերման հնարավորություն»,-ասաց Լուսինե Ավետիսյանը:

Հանրապետությունում ներկայում գործում է էլեկտրամոբիլի 9 լիցքավորման կայան, որից 4-ը Երևանում է, սակայն այդ կայանների մեծ մասում կարող են լիցքավորվել «Տեսլա» ընկերության ավտոմեքենաները: Նոր նախագծով նախատեսվում է հիմնել ունիվերսալ կայաններ, և մյուս էլեկտրամոբիլները ևս կկարողանան լիցքավորվել: Լուսինե Ավետիսյանը նշեց, որ արդեն տարբեր ընկերությունների կողմից կայանների տեղադրման առաջարկներ են ստացել:

Էլեկտրամոբիլների շահագործման ենթակառուցվածքների զարգացման նախաձեռնությունը պատահական չէ: Կառավարությունը խնդիր է դրել խթանել Հայաստանում էլեկտրամոբիլների շահագործումը: Դրան ուղղված քայլերից է արտոնությունների տրամադրումը: Եթե ներկայում գործում է մթնոլորտային օդ արտանետումների համար բնապահպանական հարկից ազատումը, ապա Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ հավանության է արժանացել օրենքի նախագիծը, որով ԱԱՀ-ից կազատվի էլեկտրամոբիլի ներմուծումն ու օտարումը: Խոսքը միայն էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների մասին է: Լուսինե Ավետիսյանը նշեց, որ դա շահագրգռող հանգամանք կարող է լինել: Ինչ վերաբերում է բյուջեի մուտքերի նվազմանը, ապա Լուսինե Ավետիսյանը նշեց՝  քանի որ տարեկան քիչ թվով էլեկտրամոբիլներ են ներկրվում, ապա խոսքը փոքր գումարի մասին  է:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ Հայաստանում հաշվառված է 5 էլեկտրամոբիլ, որից 7-ը ներկրվել է 2017-ին, 7-ը՝ 2018-ին, և մեկ մեքենա 2019 թվականի առաջին եռամսյակում:

Լուսինե Ավետիսյանը նշեց, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) հետ իրականացվող ծրագրով ձեռք կբերվեն էլեկտրամոբիլներ, որոնք տեղ կգտնեն կառավարության շարժակազմում:

««Հայաստանում Էլեկտրական շարժունակության» ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից 700 հազար դոլարի չափով, ըստ նախնական պայմանավորվածության, հատկացումները նախատեսվում է ուղղել 12 էլեկտրամոբիլի և 3 լիցքավորման կայանի ձեռքբերմանը։ Ըստ պայմանների՝  համաֆինանսավորումը կիրականացվի 1:7 հարաբերակցությամբ, ԳԷՀ-ից եկող յուրաքանչյուր դոլարի դիմաց պետք է ապահովվի  երկրի կողմից ևս 7 դոլարին համարժեք համաֆինանսավորում, սակայն պարտադիր չէ, որ լինեն պետական միջոցներ, դրանք կարող է լինել մասնավոր հատվածի ներդրումներ, այլ ներդրումներ /այդ թվում՝ բնեղեն/,  արդեն իսկ ընթացող էլեկտրական շարժունակության և վերալիցքավորման վերաբերյալ ծրագրեր, վերականգնվող էներգիայի ծրագրեր և այլն»,-ասաց նա։ Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ Էլեկտրական շարժիչով մեքենաների թվի ավելացմամբ բնապահպանական լուրջ խնդիր է լուծվում՝ կապված օդի աղտոտվածության հետ:

Երևանի քաղաքապետարանը գնում է այն ճանապարհով, որ քաղաքը բնապահպանական տեսանկյունից բարենպաստ վիճակում հայտնվի: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրեց քաղաքապետի խոսքն այն մասին, որ Երևանը պետք է ավտոմեքենաների քաղաքից վերածվի հետիոտնի քաղաքի:

«Ահա այս համատեքստում է էլեկտրական տրանսպորտի զարգացումը: Ինչպես գիտեք, աշխատանքներ են տարվում Երևանի տրասնպորտային նոր ցանցի ուղղությամբ: Նախատեսվում է հրաժարվել դիզելային շարժիչներից: Կլինեն գազային շարժիչներ, բայց նաև շարժակազմի շուրջ 10 տոկոսը կլինի էլեկտրական տրանսպորտ: Դա կլինի ներկա տրոլեյբուսային ցանցի վերազինման և համալրման կամ էլեկտրական ավտոբուսների տեսքով»,-ասաց Հակոբ Կարապետյանը: Հաշվի առնելով, որ էլեկտրական տրանսպորտի ներգրավումն արժեքով բարձր է, արդյո՞ք դա կարող է ազդել ուղեվարձի վրա: Հակոբ Կարապետյանը նշեց, որ նախ դիտարկում են դրամաշնորհներ ներգրավելու հարցը, երկրորդ՝ ուղեվարձի գնային համակարգը լինելու է շատ ճկուն:   

Աննա Գզիրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am