1000х90.jpg (78 KB)

Ոստիկանները բերման են ենթարկել  վճարային տերմինալներ գողացած անձանց

Armenpress 21:56, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի տարածքում գտնվող հացի արտադրամասից և խանութից վճարային տերմինալներ գողացած անձանց։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Մայիսի 14-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ մայիսի 13-ի ժամը 22.00-ից մինչև մայիսի 14-ի ժամը 04.45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձիք, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը բացելով, Դավթաշենի 2-րդ թաղամասում գործող հացի արտադրամասից գողացել են վճարային տերմինալ:

Նմանատիպ մեկ այլ ահազանգ ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվեց մայիսի 18-ին, ժամը 02.55-ին: Զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ մայիսի 17-ի ժամը 20.00-ից մինչև մայիսի 18-ի ժամը 02.40-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, Դավիթաշենի 1-ին թաղամասում գործող խանութից գողացել են վճարահաշվարկային տերմինալ, որը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Դավիթաշենի 1-ին թաղամասի 34 շենքի մոտ:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողությունները կատարելու կասկածանքով, մայիսի 18-ին, ժամը 20.00-ին, իրենց տան բակից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հովհաննես Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: 

Մյուս տերմինալը հայտնաբերվել է նշված արտադրամասի հետնամասում:

Կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am