Վարչապետը ֆրանսիական «Ամունդի» ընկերության փոխտնօրենի հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումների հարցեր

Armenpress 18:14, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանում գործող 2 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական «Ամունդի»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն, և հանդիպումը լավ հնարավորություն է՝ համագործակցության ընթացքը և հեռանկարները քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ կառավարությունը շահագրգռված է այդ գործընթացում ներգրավված գործընկերների, այդ թվում «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հետ փոխգործակցության զարգացմամբ, որը կնպաստի կենսաթոշակային բարեփոխումների հաջող իրականացմանը, ինչպես նաև կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Բերնար դը Վիթը նշել է, որ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն արդյունավետ համագործակցում է ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ և պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների տնտեսական, սոցիալական և ֆինանսական բաղադրիչների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել կապիտալի շուկայի զարգացման, հանրային իրազեկվածության բարձրացման, նաև ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ իրականացվելիք քայլերին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am