«Լիվերպուլի» դարպասապահը, Լեդի Գագայի մայրը եւ Լիբերիայի նախկին նախագահը դարձան ԱՀԿ-ի բարի կամքի դեսպաններ

Armenpress 17:48, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մայիսի 20-ին Ժնեւում հայտարարել Է աշխարհում առողջության ամրապնդման հարցերով բարի կամքի չորս նոր դեսպանների նշանակման մասին: Նրանք են՝ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի եւ «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ալիսոն Բեքերը, նրա կինը՝ բժիշկ Նատալյա Լյովե-Բեքերը, Born This Way հիմնադրամի նախագահ, երգչուհի Լեդի Գագայի մայրը՝ Սինտյա Ջերմանոտան, եւ Լիբերիայի նախկին նախագահ (2006-2018 թթ.), 2011 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլեն Ջոնսոն-Սեռլիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոր նշանակումների մասին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել Է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ մայիսի 20-ին բացված 72-րդ ամենամյա նստաշրջանում: «Մեր նոր դեսպաններից յուրաքանչյուրն իր բնագավառի նվիրյալն Է՝ լինի դա աջակցությունը հասարակության վերականգնմանն ու կայուն զարգացմանը, հոգեկան առողջության ամրապնդման եւ բարեկեցության համար պայքարը կամ անձնական օրինակով առողջ կենսակերպի քարոզչությունը»,-նշել Է նա:

Առողջապահության համաշխարհային ասամբլեային, որի նստաշրջանը Ժնեւում կտեւի մինչեւ մայիսի 28-ը, մասնակցում են 194 երկրների ներկայացուցիչներ: Բանավեճերի գլխավոր թեման միտված Է այն բանին, որ առողջապահության ծառայություններն ընդգրկեն ամբողջ աշխարհը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am