ԱԻՆ մասնագետները քաղաքացիական պաշտպանության միջոցառում են անցկացրել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում

Armenpress 16:24, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության մասնագետների խումբը մայիսի 14-17-ն  այցելել էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և ենթակա մարմիններ՝ Միգրացիոն ծառայություն և Հայաստանի ազգային արխիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գերատեսչության մարմիններում անցկացվեց «ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Միջոցառման նպատակն էր ստուգել քաղպաշտպանության ղեկավար կազմի, շտաբների, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, դիտարկել կառույցի տարհանման պլանի իրատեսությունը:

Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ կինոֆոտոֆոնո փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծման և թվայնացման հետ կապված հարցերը: Առանձնահատուկ դիտարկման են արժանացել անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման և պահպանման, միգրացիոն հոսքերի կառավարման հարցերը, փախստականների ընդունման և տեղաբաշխման հնարավորությունները:

Դիտարկվել են արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ զոհվածների հաշվառման և հուղարկավորման միջոցառումների կազմակերպմանն առչվող հարցեր:

Գնահատման արդյունքները կամփոփվեն ակտում, որի հիման վրա կպլանավորվեն և հնարավորինս սեղմ ժամկետներում կհանգուցալուծվեն ՔՊ համակարգում առկա էական խնդիրները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am