Հայաստանում հացահատիկային մշակաբույսերի պահանջարկը կբավարարվի տեղում արտադրված սերմնացուների հաշվին

Armenpress 13:44, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբսիդիաների կիրառման միջոցով 2023 թվականին Հանրապետության աշնանացան ցորենի գարու, առվույտի, ոլոռի, սիսեռի և այլ մշակաբույսերի պահանջարկը կբավարարվի տեղում արտադրված սերմնացուների հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ սերմնաբուծության զարգացման ծրագրերում շեշտն այսուհետ դրվելու է  տեղական սերմնաբուծության զարգացման վրա: «Հայտնի է, որ վերջին տասնամյակի ընթացքում  տեղական հացահատիկային մշակաբույսերի պահանջարկը բավարարվել է դրսից ներկրումների հաշվին, որն իրեն չի արդարացնում , քանի որ ներկրված սերմնացուները կրկնակի  թանկ արժեն, քան կարելի է ստանալ մեր երկրում»,-ասաց նա՝ հավելելով, որ 2017 թվականին ներկրված լուրջ քանակությամբ սերմնացուները կորցրել են իրենց պիտանելիությունը:

Պետրոսյանն ասաց, որ կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման հետ կապված դրական տեղաշարժեր կան: «Եթե անցյալ տարվա ընթացքում 146 հա կաթիլային ոռոգման համակարգ է ներդրվել, ապա արդեն այս մի քանի ամիսների ընթացքում 112 հա տարածքի համար կնքվել են համապատասխան վարկային պայմանագրեր»,-ասաց նա:

Կարկտապաշտպան ցանցերին անդրադառնալով գյուղնախարարի տեղակալն ասաց, որ դրանց ներդրման ուղղությամբ դեռևս հայտեր չեն ներկայացվել: «Դա բավականաչափ թանկ արժեցող ծրագիր է՝ 1 հա –ի հաշվով 8.5 միլիոն դրամ, որը իհարկե, առանձնապես մեծ հետաքրքրություն չի ներկայացվում, չնայած որ Կոտայքի, Արմավիրի մարզերում այսօր մեծ ծավալի այգետնկումներ են իրականացվում խոշոր հիմնադրամների կողմից, որտեղ միանգամից իրականացվում են և՛ կաթիլային ոռոգման համակարգի ներդրում, և՛ կարկտապաշտպան ցանցերի տեղակայում»,-հավելեց Պետրոսյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am