Թանգարանների գիշերը Երևանում բացվեց Գառնիկ Մելիք-Կարապետյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

Armenpress 23:06, 18 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանների գիշերը բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնությունների կողքին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը զարդարեց  երիտասարդ լուսանկարիչ Գառնիկ Մելիք-Կարապետյանի «Շարժման սիմֆոնիա» անհատական ֆոտո ցուցահանդեսը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 18-ին բացված ցուցահանդեսում  ներկայացված լուսանկարչական աշխատանքներում պատկերված են արվեստի ականավոր գործիչներ Էդուարդ Թոփչյանը, Վլադիմիր Սպիվակովը, Տիգրան Համասյանը, Սոնա Հովհաննիսյանը, Դանիել Բարենբոյմը,  Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և այլք:«Այստեղ փակցված է քսան թեմատիկ լուսանկար, որոնցում հնարավոր է տեսնել շարժում,  գործողություն, ընթացք: Թվում է, թե լուսանկարները «լղոզված» են, այնինչ հատուկ է այդպես արված: Ցուցահանդեսն անվանել եմ «Շարժման սիմֆոնիա», քանի որ այս գործերը կենդանի են»,-մեզ հետ զրույցում նշեց լուսանկարիչը:Նա ընդգծեց, որ ցուցահանդեսներն արվեստասերների լայն շրջանակին են հնարավորություն տալիս  ծանոթանալ իր աշխատանքներին, ինչը յուրաքանչյուր ստեղծագործողի համար կարևոր է:«Շարժման սիմֆոնիա» ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 1-ը:Գառնիկ Մելիք-Կարապետյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Մուշեղ Գալշոյանի անվան դպրոցում, Ալեքսանդր Հեքիմյանի թիվ 13 երաժշտական դպրոցի շվիի և դաշնամուրի բաժիններում, սակայն սիրում է կիթառ նվագել: Կրթությունը շարունակել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական  համալսարանի օպերատորության բաժնում։ Նախասիրություններն են ՝ ֆիլմեր, համերգներ, երաժշտություն։ Ինչպես նա է նշում, այն ամենը ինչ կապված է մշակույթի հետ, դասվում է իր նախասիրությունների շարքում։
Լուսանկարիչը մի առիթով ասել է. «Ես ավելի շատ ինձ լուսանկարիչ եմ համարում, քանի որ 1999 թվականից սկսել եմ նկարել, երբ դեռ 14 տարեկան էի։ Իսկ ֆոտոխցիկին տիրապետում եմ 6 տարեկանից։ Օպերատորություն սովորել եմ ինստիտուտի տարիներին»:
Ցուցահանդեսը կազմակերպեց և կյանքի կոչեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am