Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Armenpress 17:54, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցին: Առաքելության ներկայացուցիչներն արձանագրել են, որ ընտրություներն անցել են հանրային լայն վստահության մթնոլորտում և վերահաստատել են անցած ընտրությունների դրական գնահատականը, նրանց համապատասխանությունը միջազգային չափորոշիչներին:

Փոխնախարար Քոչարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին իրականացրած դիտորդական առաքելության և օբյեկտիվ գնահատականի համար: Վիգեն Քոչարյանը, կարևորելով ազատ և արդար ընտրական գործընթացի, ընտրությունների ընթացքի և արդյունքների նկատմամբ հանրային բարձր վստահության ապահովման հարցում համապատասխան քաղաքական կամքի կարևորությունը, միևնույն ժամանակ շեշտել է, որ զուգահեռ անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի մասնակցությամբ նոր ընտրական օրենսդրության մշակում, ինչը կերաշխավորի Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների անշրջելի բնույթը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են դիտորդական առաքելության առաջարկներին և ապագա համագործակցության ձևաչափերին:   

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am