«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նոր տնօրեն ունի

Armenpress 15:38, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել Միքայել Բադալյանը, ով մինչ այս զբաղեցնում էր արգելոց թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միքայել Բադալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում  իր երախտիքի խոսքն է ուղղել Էրեբունի թանգարանի բոլոր աշխատակիցներին, ում հետ պատիվ է ունեցել աշխատելու և դեռ աշխատելու է:

« Անչափ շնորհակալ եմ իմ ուսուցիչ Աշոտ Փիլիպոսյանին, ով 2009 թվականի փետրվարի 1-ին ինձ ընդունեց աշխատանքի Էրեբունի թանգարանում: Սկզբում եղա որպես կրտսեր գիտաշխատող, հետո էքսկուրսավար, հետո ՝ գիտաշխատող ու Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ: Միաժամանակ պատիվ ունեմ լինելու Էրեբունու հնագիտական արշավախմբի ղեկավարը: Էրեբունին իմ տունն է և կենսակերպը: Էրեբունի թանգարանում աշխատող յուրաքանչյուր նվիրյալի և պրոֆեսիոնալի աչքերի փայլը ու սպասող ժպիտը ինձ շատ են ուժ տվել հատկապես այս վերջին ամիսներին: Այս ժամանակահատվածում՝ հատկապես վերջին երեք ամսին տարբեր բավական հրապուրիչ առաջարկներ եմ ստացել՝ այլ աշխատանքի անցնելու համար: Իմն Էրեբունին է: Ցավոք, այս վերջին ամիսների ընթացքում ոմանք, հատկապես որոշ մարդիկ, ում ժամանակին օգնել եմ, սատարել և ում շատերը ճանաչում են բացառապես իմ շնորհիվ, փորձեցին հնարավոր բոլոր ստոր միջոցներ կիրառել իմ դեմ: Նման կեցվածքը վայել է միայն ու միայն հոգով սողուններին: Ինչպես կասեր Նիցշեն, որքան մենք բարձր ենք թռչում, այնքան փոքր ենք թվում նրանք, ովքեր թռչել չգիտեն: Փառք Աստծուն այսօրվա համար, որ ունեմ նման ծնողներ և ընտանիք, ընկերներ ու բազմաթիվ հարազատներ»,-գրել է Միքայել Բադալյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am