Վաչե Տերտերյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աղետների պատրաստվածության գնահատման խմբին

Armenpress 12:35, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է համապետական գնահատում իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աղետների պատրաստվածության գնահատման խմբին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, իր ողջույնի խոսքում փոխնախարար Տերտերյանը կարևորել է աղետների պատրաստվածության համակողմանի գնահատման, վտանգներին դիմակայելու Հայաստանի կարողությունների և հնարավորությունների ուսումնասիրման ուղղությամբ առաքելության գործադրած ջանքերը և նշել, որ հայկական կողմը հետաքրքրված է հաղորդակից դառնալ այս ոլորտում ամերիկյան կուտակված փորձին՝ դիտարկելով դրա տեղայնացման հնարավորությունները։ Փոխնախարարը պատվիրակությանը ծանոթացրել է աղետների ռիսկերին արձագանքման, դրանց նվազեցման և կառավարման ուղղությամբ Հայաստանում իրականացվող միջոցառումներին ու ծրագրերին և միաժամանակ ընգծել, որ այդ գործի ռազմավարական պլանավորման կարևորագույն օղակներից են հանդիսանում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները։

Պատվիրակներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հանդիպման համար և հավաստիացրել, որ ամերիկյան կողմը պատրաստակամ է իր տեսական գիտելիքներով ու գործնական փորձով աջակցել աղետների պատրաստվածությանը և արձագանքմանը նպաստող ազգային մակարդակի օրենսդրության կազմմանը, քաղաքականության, պլանների և ծրագրերի մշակմանը։   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am