1000х90.jpg (78 KB)

Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է ձեռնպահ մնալ երեխաներին բողոքի ակցիաների ներգրավելու այնպիսի փորձերից, որոնք չեն բխում նրանց շահերից

Armenpress 12:35, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ երկու մասի բաժանված ակցիաներն ուղեկցվել են փոխադարձ վիրավորանքներով, անհանդուրժողականություն ու ատելության խոսք պարունակող վանկարկումներով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հայտարարության մեջ ասված է, որ ակցիային մասնակցել են նաև երեխաներ:

«Նրանց մոտ առկա պաստառների վրա նույնպես եղել են վիրավորանքի, անհանդուրժողականության ու ատելության խոսքի տարրեր պարունակող գրառումներ։

Լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում երեխաներն իրենք են նշել, որ մասնակցում են ակցիային առանց ծնողների իմացության և չեն կարողացել հստակ բացատրել՝ իրենց մասնակացության նպատակը, ինչպես նաև չեն կարողացել բացատրել իրենց պարզած պաստառների վրայի գրառումները:

Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների երաշխավորման կարևորությունը, այդ թվում՝ հավաքների կամ այլ զանգվածային միջոցառումների մասնակցության իրավունքը։ Այսքանով հանդերձ, սկզբունքային է այն, որ երեխայի նշված իրավունքների իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Երեխայի իրավունքների իրացումը որևէ դեպքում չի կարող ինքնանպատակ լինել։ Այն պետք է ուղղված լինի հենց երեխայի՝ հասարակական կյանքին լիարժեք և գիտակցված այնպիսի ներգրավվածության ապահովմանը, որը ծառայում է երեխայի լավագույն շահին: 

Հաշվի առնելով վերը նշվածը, կոնկրետ իրավիճակում երեխաների մասնակցությունը նշված բողոքի ակցիային ու նաև հետագայում նմանատիպ ակցիաներին համարում ենք անթույլատրելի և հորդորում ենք բոլոր կողմերին ձեռնպահ մնալ երեխաներին այդպիսի ակցիաների ներգրավելու փորձերից»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am