1000х90.jpg (78 KB)

Լրագրողները բոյկոտեցին Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը և ստացան իրենց համար ցանկալի արդյունք

Armenpress 12:11, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրախոսների հետ կապված  տեխնիկական խնդիրների պատճառով լրագրողները բոյկոտեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով անցկացվող դատական նիստը՝ ստանալով իրենց համար ցանկալի արդյունք: Լրագրողների բոյկոտի արդյունքում նրանց հնարավորություն տրվեց դատական նիստին հետևել դատական գործընթացի մասնակիցների համար հատկացված հատվածում, որպեսզի գործընթացի բոլոր մասնակիցների ձայնը հստակ լսելի լինի լրագրողների համար:

Մինչ այդ լրագրողները նիստին հետևում էին քաղաքացիների համար հատկացված տարածքից, որն ապակիով անջատված էր դատավարության մասնակիցների համար հատկացված տարածքից: Այդտեղից լրագրողների համար լսելի էր միայն նիստը նախագահող դատավորի ձայնը, իսկ դատավարության մյուս մասնակիցների ձայները պարզ լսելի չէին, լրագրողները նույնիսկ բարձրախոսների խնդիրը կարգավորելու հետ կապված միջնորդություն էին ներկայացրել դատարանին, սակայն խնդիրը մնացել էր չլուծված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  դատական նիստը շարունակվում է, ելույթ է ունենում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Մայիսի 13-ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատաքննության փուլը. առաջին դռնբաց դատական նիստին պետք է քննվեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը: Նույնը օրը նրա պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի վերաբերյալ: Մայիսի 14-ին դատարանը մերժեց պաշտպանների այդ միջնորդությունը:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս ԷսՍի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երեւանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու եւ ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գեւորգյանը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am