Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը

Armenpress 11:24, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն չորրորդ օրն ընթացող դատական նիստը մեկնարկեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում:

Դատարանի բակում շարունակվում են ակցիաները, սակայն և՛ Քոչարյանի աջակիցները, և՛ նրա ազատությանը դեմ  հանդես եկող անձինք դեռևս շատ քիչ թիվ են կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանի դիմաց ոստիկանական ուժերը հսկում են կարգուկանոնը: Դատական նիստի ժամանակ շարունակվելու է քննվել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը՝ հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու հարցը:

Դատական նիստը 5 րոպեով ընդմիջվեց, որպեսզի կարգավորեն բարձրախոսների հետ կապված խնդիրը: Նախորդ դատական նիստերի ընթացքում պարզ լսելի էր միայն նիստը նախագահող դատավորի ձայնը, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններրի և մեղադրող կողմի ներկայացուցիչների ձայները դժվար լսելի էին: Բարձրախոսների խնդիրը լուծելու միջնորդություն դատարանին ներկայացրել էին նաև լրագրողները: 

Ակնկալվում է, որ մայիսի 16-ի նիստին կարող են ներկա լինել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրանք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել, իսկ այն քննարկելու համար նրանց ներկայությունը դատական նիստին պարտադիր է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մայիսի 15-ի նիստի ընթացքում դատարանին խնդրեցին պայմաններ ապահովել, որպեսզի Արցախի ներկա և նախկին նախագահները կարողանան մայիսի 17-ի նիստին ներկա լինել, սակայն դատավորն ավելի նպատակահարմար գտավ, որպեսզի նրանք ներկա լինեն մայիսի 16-ի նիստին, քանի որ դատարանին գոնե մեկ օր պետք է դատական ակտ կազմելու համար, իսկ մայիսի 17-ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր: Դատավորը նաև նկատեց, որ մայիսի 19-ին լրանում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը, ուստի նպատակահարմար է, որպեսզի Արցախի ներկա և նախկին նախագահները ներկա լինեն մայիսի 16-ի նիստին: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ կփորձեն պարզել՝ կկարողանա՞ն Արցախի ներկա և նախկին նախագահները ներկա լինել մայիսի 16-ի դատական նիստին, թե՞ ոչ: Քոչարյանի պաշտպանները խոստացան մայիսի 16-ի առավոտյան դատարանին տեղյակ պահել:

Մայիսի 13-ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատաքննության փուլը. առաջին դռնբաց դատական նիստին պետք է քննվեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը: Նույնը օրը նրա պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի վերաբերյալ: Մայիսի 14-ին դատարանը մերժեց պաշտպանների այդ միջնորդությունը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս ԷսՍի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։ Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երեւանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու եւ ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գեւորգյանը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am