Բուլղարիայում Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել

Armenpress 20:44, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպական երաժշտություն» փառատոնի շրջանակներում մայիսի 13-ին Սոֆիայի ֆիլհարմոնիկ համերգասրահում Բուլղարիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ հայ դասական կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների համերգ:   Համերգի ընթացքում Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի և Հայկ Բոյաջյանի գործերը կատարեց հայ երիտասարդ դաշնակահար, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Արմեն-Լևոն Մանասերյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, «Եվրոպական երաժշտություն» համերգաշարի կազմակերպիչները նշեցին, որ առանձնահատուկ նշանակություն են տալիս Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանմանն ու հաջորդ սերունդներին դրա փոխանցմանը, և այդ գործում ապավինում են եվրոպական աշխարհամասում բնակվող ժողովուրդների կարևոր առաքելությանը:   Համերգն ունեցավ մեծ հաջողություն՝ արժանանալով ունկնդիրների ջերմ ընդունելությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am