Քաղաքագետն ապակառուցողական է որակում Արևելյան գործընկերության համատեղ հռչակագրի ստորագրմանն Ադրբեջանի կողմից բռնարգելք դնելը

Armenpress 15:05, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անդամ երկրների կողմից համատեղ հռչակագրի ստորագրմանն Ադրբեջանի կողմից բռնարգելք դնելը քաղաքագետ Նարեկ Մինասյանն ապակառուցողական է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մինասյանն ասաց մայիսի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Եվրոպական միության հետ հարաբերություններում Արևելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրն ունի իր գերակայությունները: Այս գերակայությունները Եվրոպական միությունն Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ փորձեցին ձևակերպել համատեղ հռչակագրի շրջանակներում: Համատեղ հռչակագրի ընդունումը ցավոք տապալվեց: Կրկին տվյալ դեպքում Ադրբեջանը հանդես եկավ, որպես ապակառուցողական կողմ: Եթե որոշ երկրներ` Ուկրաինան, Վրաստանը, որոշ վերապահումներ ունեին տարբեր ձևակերպումների հետ, նրանք գոնե չէին ընդդիմանում դրա ստորագրմանը, բայց Ադրբեջանը փորձեց պնդել, որ հռչակագրում տեղ գտնեն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանող ձևակերպումներ, այսինքն` ստիպել ԵՄ-ին ու Արևելյան գործընկերության մյուս երկրներին համաձայնել այնպիսի կետերի հետ, որոնք բխում էին միայն իր շահերից»,- նկատեց Մինասյանը:

Քաղաքագետն ընդգծեց, որ սա վառ վկայություն է, թե ինչպես  է Ադրբեջանը փորձում նաև Արևելյան գործընկերության հարթակն օգտագործել սեփական շահերն առաջ տանելու համար:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Համատեղ հռչակագրի ընդունման փոխարեն այդ տեքստի տակ ստորագրել է ԵՄ հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի, այդպիսով փաստաթուղթը թողնելով հայտարարության մակարդակի վրա:

Մայիսի 13-14-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցան Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից: 

Արևելյան գործընկերության անդամ երկրներն են Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am