Արամի 23-ում պատի փլուզումից հետո դեռ ոչ մի աշխատանք չի կատարվել. Մեսչյան

Armenpress 14:21, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի պատի փլուզումից հետո ոչ մի աշխատանք չի կատարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «Պատի փլուզումից հետո իտալացի ռեստավրատորը նախագծեց, ապա էսքիզն ուղարկեց մեզ, մենք էլ ստորագրեցինք, ասացինք գնացեք, արեք: Այդ նախագիծը գնաց կառուցապատողի մոտ, որը պետք է սկսեր կառուցումը, բայց մինչև այժմ ոչինչ չի արվել»,-ասաց նա:

Մեսչյանը նշեց, որ իրենք այլևս ոչ մի իրավասություն չունեն կառույցի հետ կապված: «Գնդակը մշակույթի նախարարության դաշտում է: Կառուցապատողը սեփականատիրոջ հետ պետք է այդ հարցերը լուծեր: Կառույցի վիճակը շատ վատ է, վաղը մյուս օրը կարող է տանիքը ևս փլվել»,-նշեց Մեսչյանը:

Պատը փլուզվել էր հունվարի 11-ին: Երևանի գլխավոր ճարտարապետը ավելի վաղ հայտնել էր, որ Արամի 23 հասցեում գտնվող շինության պատը հնարավոր է վերականգնել եւ վերադարձնել շենքի մշակութային արժեքը: «Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն այնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք էր: Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից եւ հանգիստ շարունակել աշխատանքները»,-նշել էր նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am