Հայաստանի և Արցախի խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել

Armenpress 12:49, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այցի շրջանակում Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը առանձնազրույց է ունեցել ՀՀ Ազգային ժողովի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է պատվիրակության այցը և ընդգծել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացման անհրաժեշտությունը Երևանում։

«Հայկական հանրապետությունների հարաբերությունների ողջ համատեքստում հանձնաժողովի գործունեությունը առանձնակի կարևորություն ունի»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել Հայաստան-Արցախ կապերի շրջանակում խորհրդարանականների հարաբերությունների առանձնահատուկ դերը, ինչի մասին են վկայում վերջին ամիսներին ՀՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ընդլայնված կազմով այցելությունները Արցախ:

«Ամեն մի փոխայցելություն մերձեցնում է թե՛ գործնական, թե՛ ընկերական հարաբերությունները և հիմք հանդիսանում համահայկական օրակարգի հարցերի արդյունավետ լուծումները գտնելու համար։ Կան բոլոր նախադրյալները ՀՀ 7-րդ գումարման ԱԺ հետ հարաբերությունները որակապես նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, և վստահ եմ՝ համատեղ ներուժով կապահովենք դա՝ առկա ռեսուրսները կառուցողական հուն ուղղորդելու և խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը թարմացնելու միջոցով»,- ասել է Աշոտ Ղուլյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am