Արթուր Մեսչյանը մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները հաջորդ տարվա սկզբին սկսելու հույս է հայտնում

Armenpress 11:35, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մետրոպոլիտենի նոր կայարանի և  Նոր Նորքից դեպի կենտրոն ճոպանուղու կառուցման ծրագրերն ընթացքի մեջ են: Բանակցություններ են ընթանում ծրագրերը ֆինանսավորող կառուցապատողների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նա հույս հայտնեց, որ մինչև հունվար կավարտվի դեպի Աջափնյակ մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծային աշխատանքները և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները:

«Ընդհանրապես մետրոպոլիտենը իր տեխնոլոգիայով բավական բարդ համակարգ է, և մենք աշխատում ենք տարբեր մասնագետների հետ ճշտելու համար բոլոր նրբությունները, որոնք կապված են այդ ծրագրի հետ»,-ասաց նա:

Անդրադառնալով  Նոր Նորքից կենտրոն ճոպանուղու կառուցմանը, Մեսչյանն ասաց, որ դրանով հնարավորինս  կթեթևացվի տրանսպորտային կոլապսը:

«Ճոպանուղին սկսվելու է Նոր Նորքի երկրորդ զանգվածից և հասնելու է   նախկին պոլիտեխնիկ ինստիտուտի տարածք: Կարծում ենք այդ ծրագրի միջոցով բավական խնդիրներ կլուծվեն, հետագայում զարգացում կլինի դեպի Հաղթանակի այգի: Այս ծրագիրը ևս կֆինանսավորի կառուցապատողը: Հիմա մենք ավելի շատ դիվանագիտությամբ ենք զբաղվում, քան ճարտարապետությամբ»-հավելեց նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am