1000х90.jpg (78 KB)

Հայտնի են «Եվրատեսիլ 2019» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

Armenpress 01:14, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարեցին Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն և Սլովենիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի առաջին կիսաեզրափակիչն անցկացվեց մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում:

Մրցույթը հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանեցին Ավետ Բարսեղյանն ու Արամ MP3-ը:

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչին մասնակցեց 17 երկիր՝ Չեռնոգորիան, Ֆինլանդիան, Լեհաստանը, Սլովենիան, Չեխիան, Հունգարիան, Բելառուսը, Սերբիան, Բելգիան, Վրաստանը, Ավստրալիան, Իսլանդիան, Էստոնիան, Պորտուգալիան, Հունաստանը և Սան Մարինոն:

«Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը «Walking out» երգով հանդես կգա  երկրորդ կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 16-ին: Նա ելույթ կունենա առաջին համարի ներքո:

Հայաստանից բացի երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կգան Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Մակեդոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Մրցույթի կանոնների համաձայն՝ Իսրայելի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ են անցնում ինքնաբերաբար. Իսրայելը` որպես անցած տարվա մրցույթի հաղթող երկիր, մյուսները կազմում են «Եվրատեսիլ»-ի հիմնադիրների «Մեծ հնգյակը»:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am