Շեքսպիրը «Ռոմեո և Ջուլիետ» պիեսում չափազանց շատ սեր է ներդրել. անգլիացի դրամատուրգի հանրահայտ ստեղծագործությունը՝ ռուսական թատրոնի բեմում

Armenpress 09:10, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեմադրող ռեժիսոր Կարեն Ներսիսյանը, որն ամիսներ առաջ է ստանձնել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները,  թատերասերների դատին է հանձնելու Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» հանրահայտ ողբերգության հիման վրա բեմադրված ներկայացումը, որի առաջնախաղը տեղի կունենա մայիսի 25-ին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ներսիսյանը պատմել է բեմադրության, դերասանների հետ աշխատանքի, Շեքսպիրի հանդեպ մեծ ակնածանքի և թատրոնի ծրագրերի մասին:

- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ սիրում եք ռիսկի դիմել, սիրում եք «նետվել ծովերի և օվկիանոսների գիրկը»: «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը ծո՞վ է, թե՞...

-Այն օվկիանոս է, քանի որ չափազանց լուրջ պիես է: Այդ ստեղծագործության բարդությունն ու հրապույրը նրանում է, որ այն միայն  աղջնակի և տղայի՝Ռոմեոյի և Ջուլիետի մասին չէ: Պիեսն անդրադառնում է մարդկային բարդ  փոխհարաբերություններին և ճակատագրերին, ինչը շատ հետաքրքիր է: Իր ամբողջ  ողբերգականությամբ հանդերձ՝ պիեսը երջանիկ է: Շեքսպիրն այդ ստեղծագործության մեջ չափազանց շատ սեր է ներդրել` սեր աշխարհի, մարդկանց նկատմամբ, սեր թատրոնի հանդեպ:

-Հաճախ են ասում, որ ոչ ոք չի կարող սիրո մասին պատմել այնպես, ինչպես Շեքսպիրը: Համամի՞տ եք:

-Կան հզորագույն դրամատուրգներ, որոնք հրաշալի են խոսում սիրո մասին: Նրանք են Շեքսպիրը, Չեխովը, Մոլիերը: Չեմ կարծում, որ նրանք նստել ու մտածել են ինչպես պատմել սիրո մասին: Շեքսպիրն իրապես մարդ էր, որը սիրող մեծ սիրտ ուներ.  նա հզոր անհատականություն էր: Շեքսպիր բեմադրելը նման է կյանքը բեմադրելուն, ասես Աստվածաշունչը կամ բնությունը բեմադրես: Նա լի է սիրով ու կյանքով: Մենք  հրաշքի հետ գործ ունենք:

Շեքսպիրն ինձ շատ հարազատ դրամատուրգ է: Նախկինում բեմադրել եմ նրա «Համլետ», «Մեծ աղմուկ ոչնչից», «Ամառային գիշերվա երազ», «12-րդ գիշեր» պիեսները:

-Մենք հնարավորություն ենք ունեցել վայելել «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը Հայաստանի տարբեր թատերական հարթակներում: Յուրաքանչյուր ռեժիսոր յուրովի է մեկնաբանում այդ ստեղծագործությունը: Ձեր բեմադրության մեջ նոր, ինչու չէ յուրահատուկ բան կտեսնե՞նք:

- Բեմադրում եմ այնպես, ինչպես  տեսնում եմ: Իմ հույզերի, ապրումների միջով եմ անցկացնում պիեսը: Դերասանները և ես պատմում ենք մեր պատմությունը:  Մեր խնդիրն այս պատմությունն անկեղծ, սիրով ներկայացնելն է, այնպես, ինչպես մենք ենք այն տեսնում: Աշխատում ենք սրտով:

-Մշտապես համագործակցում եք այլազգի դերասանների հետ: Ի՞նչ նմանություններ կամ տարբերություններ կան տեղի և արտասահմանի արտիստների միջև:

-Կարծում եմ՝ առեղծված է այն միտքը, թե օտարազգիներն ավելի ճշտապահ են, քան հայերը: Երբ որպես գեղարվեստական ղեկավար աշխատանքի անցա այս թատրոնում, դերասանների հետ առաջին իսկ հանդիպմանն ասացի, որ գոյություն ունեն օրենքներ, և եթե  փորձը սկսվում ժամը 11:00-ին, ապա այդ ժամին պետք  է պատրաստ լինել: Պարզապես պետք էր այս մասին ասել: Բոլորը ժամանակին են գալիս:

-Մի առիթով ասել եք, որ չեք սիրում աշխատել դերասանների հետ, որոնք բեմ են բարձրանում գումար վաստակելու համար: Ի՞նչ այլ մասնագիտական կամ մարդկային որակների վրա եք ուշադրություն դարձնում:

- Միշտ հետաքրքիր են ինքնատիպ մարդիկ: Վարպետությունն ինձ համար երկրորդական է: Առաջնային եմ համարում խելքը, հումորի զգացումը:

Կարևոր են նաև կերպարները: Եթե ես թատերախմբում չտեսնեի Ջուլիետին, գուցե այս պիեսը չբեմադրեի: Մեծ երջանկություն է, երբ թիմում կա հետաքրքիր դերասանուհի Հռիփսիմե Նահապետյանը: Արեն Խաչատրյանը, որը մարմնավորում է Ռոմեոյին, նույնպես հետաքրքիր է: Մեզ այնքան հաճելի ու միևնույն ժամանակ բարդ է գտնվել ստեղծագործական այս գործընթացում, քանի որ շեքսպիրյան պիեսներն ուղղակի քամում են: Կենտրոնացումը, հույզերը, ապրումները, որոնք պահանջվում են  երեքրոպեանոց տեսարաններում, այլ դրամատուրգների պիեսների դեպքում  անհրաժեշտ են մի ամբողջ գործողության ընթացքում:

 «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը բաղկացած է փոքր տեսարաններից. յուրաքանչյուր տեսարանի տևողությունը երեք կամ հինգ րոպե է, և ասես չկա նախաբան: Ամեն նոր տեսարանում միանգամից ականատես ենք լինում հերոսների էմոցիոնալ իրավիճակի գագաթնակետին: Շեքսպիր բեմադրելիս ու խաղալիս չես կարող ուղղակի գալ աշխատանքի, փորձ անել ու հեռանալ: Պետք է  բեմ բարձրանաս և  ամբողջովին «մերկանաս»: Մենք  մեծանում ենք Շեքսպիրով, մենք ամեն օր մեծության հետ ենք հաղորդակցվում, ինչն առողջարար է:  Ուրախ կլինենք, որ այդ դրական հույզերի ու պոռթկումների ազդեցությունը կրի նաև թատերասերը:

 

- Ըստ ձեզ` դերասանների և թատերասերների կապն ամրապնդվում է ներկայացման առաջնախաղի ընթացքում, թե՞ պրեմիերայից հետո:

-Ֆուտբոլի թիմը կարող է անընդհատ մարզվել, բայց  հետո դաշտ է մտնում մյուս թիմը, և սկսում է խաղը: Հանդիսատեսը մյուս թիմն է: Մենք մարզվում ենք, մշակում ենք նյութը, բայց հրաշքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ թատերասերը զբաղեցնում է իր տեղը, և մենք բեմ ենք բարձրանում: Հանդիսատեսը սկսում է վարել, բայց դա երբեմն վտանգավոր է. հաճախ ենք ղեկը մեր ձեռքը վերցնում ու տանում թատերասերներին այնտեղ, որտեղ պետք է:

-Մի քանի ամիս է, ինչ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն եք, թատրոնի հետ կապված ի՞նչ ծրագրեր կան. փառատոներ, հյուրախաղեր…

-Թատրոնում ոչ միայն ես, այլև այլ ռեժիսորներն են բեմադրություններ անում: Ներկայացումներ բեմադրելու առաջարկներ ենք ստացել տեղի և արտերկրի ռեժիսորներից: Ունենք միջազգային փառատոների մասնակցության հրավերներ: Մեր թատրոնը շուտով հյուրընկալելու է թատերախմբի Վլադիվոստոկից:

Ցանկանում եմ բեմադրել Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը:  Պետք է խոստովանեմ, որ արտերկրում ունեցած բոլոր պայմանավորվածությունները հետաձգել եմ և ինձ ամբողջությամբ նվիրել Ստանիսլավսկու թատրոնին:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am